Հայաստան 

Սերժ Սարգսյանը Հերբերտ Զալբերի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները

analitik.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 30-ին, ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:


Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացման գործում, միաժամանակ կօգտագործի ձեռքբերած փորձը՝ հատկապես ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենի պաշտոնում, ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը եւ վստահեցրել, որ մեր երկրում պատրաստ են կառուցողական համագործակցության:


Հերբերտ Զալբերն ընդգծել է, որ իր նշանակմամբ Եվրոպական միությունը ցանկանում է առկա հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու եւ համագործակցության պատրաստ լինելու ազդանշան հղել: Նրա խոսքով, նշանակումից կարճ ժամանակ հետո իր այցը տարածաշրջանի երեք երկրներ միտված է հենց այդ նպատակին:


Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ համագործակցությանը:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել, որ Եվրամիությունը տարբեր մակարդակներով իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ եւ միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանը:


Սերժ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը, ըստ որի Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Նախագահի խոսքով, նման մոտեցման գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ անցած ավելի քան երկու տասնամյակում այդ խումբը կուտակել է զգալի փորձ եւ ինստիտուցիոնալ հիշողություն: Մինսկի խումբն առաջարկել է սկզբունքներ, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող են հակամարտության լուծման առանցք դառնալ: Նախագահը նշել է, որ, ցավոք, Ադրբեջանը չի ընդունում այդ սկզբունքները, թեեւ հայտարարում է հակառակը: Սերժ Սարգսյանի խոսքով, այդ իսկ պատճառով է, որ Ադրբեջանը սադրանքներ է հրահրում եւ մեծացնում լարվածությունը շփման գծում, մշտապես մերժում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ խնդրի լուծումը պետք է տան Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը, Մինսկի խումբն այդ գործընթացում ընդամենը միջնորդ է, որն իր լիազորությունների շրջանակում անում է հնարավորը:

Նույն շարքից