Հայաստան 

Ադրբեջանական կողմը Տավուշի գյուղերի ուղղությամբ կրակը դադարեցրել է լուսաբացին. նյութական վնասներ կան

analitik.am

Ադրբեջանական կողմը գիշերը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը` կրակահերթի տակ պահելով Տավուշի մարզի սահամանմերձ գյուղերը: Համայնքները կրել են նյութական վնասներ, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան, այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  Հակառակորդի կրակոցները հիմնակնում զգացվել են զինվորական հենակետերին մոտ գտնվող հատվածներում: «Սահմանամերձ գրեթե բոլոր գյուղերում հնչել են կրակոցներ: Որոշ հատվածներում հայկական կողմը պատասխան կրակ է բացել: Ադրբեջանական կողմն օգտագործել է հիմնականում հրազենային զենքեր, իսկ որոշ տեղերում գնդացիրներ»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի գյուղապետ Երվանդ Եգանյանի խոսքով` հակառակորդի կրակոցներն սկսվել են երեկոյան ժամը 19:00-ից և շարունակվել մինչև առավոտյան ժամը 06:00-ը: «Կրակոցները հնչել են հիմանակնում հրազենային զենքերից: Հակառակորդը կրակում էր սահմանին մոտ գտնվող ճանապարհի ուղղությամբ, որը գտնվում է գյուղի ստորին հատվածում»,- ասաց Եգանյանը: Նա տեղեկացրեց, որ կրակոցներ են հնչել նաև հարևան Դովեղ, Բերքաբեր և Բարեկամավան համայնքներում:

 

Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը հաստատեց, որ գյուղում հնչել են կրակոցներ, սակայն տեղեկացրեց, որ էական վնասներ չկան` միայն վնասվել են տների արտաքին պատերը:


Նույն շարքից