Հայաստան 

Գագիկ Բեգլարյանը և Մոհամմադ Ռեյիսին քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

analitik.am

Հ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 1-ին հանդիպել է  Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունները: Նշվել է, որ առաջիկայում  համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու, որոնցից են Հայաստանի հարավային երկաթուղու կառուցումը և երկաթուղային ցանցի միացումը իրանական ցանցին:


Մոհամմադ Ռեյիսին ընդգծել է ճանապարհաշինական մի շարք ծրագրերի, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ծրագրի կարևորությունը, միաժամանակ տեղեկացրել, որ իրանական կողմից ևս կառուցվում է բարձրակարգ արագընթաց ճանապարհ դեպի Հայաստանի սահման, որը հետագայում լուրջ համագործակցության հնարավորություն կընձեռնի տրանսպորտի բնագավառում: 

Գագիկ Բեգլարյանը ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ այս բնագավառում Իրանն է՛լ ավելի կակտիվացնի իր գործունեությունը:

 

Նախարարը նշել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է անել հնարավորինը լայնաշերտ ինտերնետի տարանցման երկկողմ հնարավորությունները զարգացնելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով:  

Անդրադառնալով նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Գագիկ Բեգլարյանը ընդգծել է դրանց իրականացման անհրաժեշտությունը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ հայկական կողմը մի շարք ներդրումային ծրագրեր կփոխանցի ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը՝ Իրանի գործարար միջավայրում տարածելու նպատակով:

 

Քննարկվել են նաև հոկտեմբերին Իրանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող հարցեր:

Նույն շարքից