Սույն թվականի ապրիլի 19-ին ՀՀ ԱԺ-ն 78 կողմ և 42 դեմ ձայնով քվեարկեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում էր ցեմենտի ներմուծման դեպքում սահմանել պետական տուրք՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար 22 ՀՀ դրամ: Չանդրադառնալով այն հարցին, թե ինչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ այս նախագիծը, ինչպես նաև նրան, թե ինչու այս նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր քաղաքացի կվճարի 20-30 տոկոս ավելի շատ բնակարաններ գնելու, կառուցելու դեպքում, միանգամից անդրադառնանք այն անօրինականությանը, որն արվում է այս նախագիծն ԱԺ երկրորդ ընթերցում բերելիս:
Այսպես՝ նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկվել է առանց ՀՀ Հարկային օրենսգրքի՝ տնտեսավորողին պաշտպանող նորմի փոփոխության հարցի: Պատգամավորները կողմ են քվեարկել նախագծին՝ առանց իմանալու, որ այդ նախագիծը հակասում է ինչպես ՀՀ Հարկային օրենսգրքին: Ըստ ՀՀ Հարկային օրենսգրքի տնտեսվարողի վիճակը վատթարացնող նորմը չի կարող կիրառվել ընդունումից վեց ամիս շուտ, սակայն այս օրենքի դեպքում սահմանված էր, որ այն ուժի մեջ է մտնում 10 օր անց: Այսինքն՝ տնտեսվարողների իրավունքների կոպտագույն խախտում էր տեղի ունեցել:
Այնուհետև, ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը և Իմ Քայլի պատգամավորներն, այսպես ասած, ձև գտան այս լուրջ բացը շրջանցելու և արդեն նոր օրենքներ խախտելով այս նախագիծն ամեն կերպ անցկացնելու համար՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ արդեն մեկ անգամ քվեարկված նախագծում ներառվեց փոփոխություն Հարկային օրենսգրքում, որով առաջարկվում է.
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում «Նոր» բառը փոխարինել «Օրենսգրքով նոր» բառերով եւ «վճարի դրույքաչափի բարձրացում» բառերը փոխարինել «Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում» բառերով:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Սա նշանակում է, որ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն, ինչպես նաև Իմ Քայլը խմբակցության պատգամավորները ոչ միայն անօրինական քայլ են անում՝ արդեն մեկ անգամ քվեարկված նախագծում ընդգրկելով բոլորովին նոր փոփոխություն՝ այն էլ Հարկային օրենսգրքում, այլ նաև կոպտորեն ոտնահարում են տնտեսվարողների իրավունքները:
Ստացվում է, որ տնտեսվարողները՝ այս դեպքում ցեմենտ ներմուծող ընկերությունները, կարող են դատական հայցեր ներկայացնել ՀՀ կառավարության և ԱԺ-ի դեմ, և հաղթել , եթե Հայաստանում էլ չէ, ապա միջազգային արբիտրաժային դատարանում հաստատ կշահեն: Իշխանության նման գործելաոճը նաև բացասական ազդակ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր Հայաստանում բիզնես գործունեություն են ծավալում կամ ցանկություն ունեն ծավալելու: Փաստացի, սրանով իշխանությունը մեսիջ է տալիս, որ Հայաստանում բիզնեսն այնքան անպաշտպան վիճակում է, որ կարող է ՀՀ իշխող քաղաքական ուժը մեկ գիշերվա մեջ արդեն ԱԺ-ում մեկ անգամ քվեարկված նախագծում ապօրինաբար բոլորովին նոր կետ մտցնել և երկրորդ ընթերցմամբ իր ուզած ձևով անցկացնել: Եթե պետական տուրքը ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իմ Քայլի պատգամավորների համար չի համարվում տնտեսվարողի վիճակը վատթարացնող վճար, ապա նույն հաջողությամբ նրանք կարող են մի օր էլ հարկերի բարձրացումը համարել վիճակը չվատթարացնող և ընդունել օրենսդրական նախագծեր, որոնք ուժի մեջ կմտնեն ընդունումից 10 օր անց:
Ի դեպ, աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ նույնիսկ մեզանից ավելի քիչ զարգացած, բիզնես գործունեությունը պաշտպանված է, չի կարող տուրքեր, հարկեր բարձրացվել և դրանք ուժի մեջ մտնեն 10 օր անց: Տնտեսվարողները պետք է ժամանակ ունենան, որպեսզի կարողանան հարմարվել նոր պայմաններին, իսկ նման գործելաոճը խոսում է այն մասին, որ իշխանությունը ոչ թե տնտեսական հեղափոխություն է իրականացնում, այլ՝ տնտեսական սպանդ:
Այն հարցին, թե ինչու է Իմ Քայլը խմբակցությանն այդքան անհրաժեշտ այս օրենքի նախագծի արագ անցկացումը, ո՞ւմ է մենաշնորհային դիրքեր տրվում այս նախագծով, ո՞վ է հիմնական շահառուն և ի՞նչ բացասական հետևանքներ սա կարող է ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, կներկայացնենք հաջորդիվ, մինչ այդ հույս ունենանք, որ ՀՀ ԱԺ իշխանական ուժը հանուն տարբեր շահերի չի գնա անօրինական նախագծեր ընդունելու ճանապարհով և այս նախագիծն օրենքի սահմաններում ձևակերպելուց հետո միայն կքննարկի և կընդգրկի ՀՀ ԱԺ օրակարգ:
Նշենք, որ վերոնշյալ նախագիծն ընդգրկված է մայիսի 29-31 ՀՀ ԱԺ նիստերի օրակարգում՝ չնայած նրան, որ նախագծում կան վերոնշյալ օրենքների կոպտագույն խախտումները: