Այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ վեթինգի պետք է ենթարկվեն նաև նախորդ ու ներկա նախարարները:
Հարությունյանը նշեց՝ դեռ 2-3 տարի առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է յուրաքանչյուրի ձեռք բերվածը ստուգել: Խոսքն այն ունեցվածքի մասին է, որը ձեռք է բերվել պաշտոնյա լինելու ժամանակ:
Նախարար Հարությունյանն ասաց, որ ինքը դեմ չէ այդ տարբերակին, դեմ չէ վեթինգին, վախենալու առիթ չունի, պետական պաշտոնյա չի եղել, ինչ վաստակել է, վաստակել է ԵՊՀ-ում աշխատելով:
Դատավորների մասով ԿԳ նախարարն ասաց, որ վեթինգը զտում, մաքրում կտա: Նրա խոսքերով մամուլում էլ տեղեկություններ են հայտնվում, որ որևէ դատավորի գույքի քանակն ավելանում է, նվիրատվություններ է ստանում: Գուցե դա ազնիվ ճանապարհով է ձեռք բերված: Ամեն ինչը պետք է պարզվի: Դատավորները, ովքեր մաքուր են աշխատել, մտածելու խնդիր չունեն:
Վեթինգը ստորացուցիչ չէ՝ ըստ նախարարի:
Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հեռանալուն, նախարար Հարությունյանը նշեց, որ նա վաղուց պետք է հեռանար:
Հարությունյանը խոսեց նաև Վերջին զանգի ժամանակ դրամահավաքության մասին՝ հայտարարելով, որ ստացված ահազանգերը շատ քիչ են, նախորդ տարիների հետ համեմատ տարբերությունն ակնհայտ է: