Այսօր՝ մայիսի 30-ին, խորհրդարանում ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունեցել երեկ Ղազախստանում, ինչով է պայմանավորված ստացվող տեղեկությունների իրարամերժությունը, նշեց, թե գիտի, ով է այդպիսի լուրերը մամուլին ուղարկում, դրանք ուղարկվում են Հայաստանից, Ղազախստանից այդպիսի լուրեր չկան:
Իգիթյանն անուններ չտվեց՝ նշելով, թե դա էական չէ:
Հարցին, թե ինչու է տվյալ անձը նման լուրեր տարածում, պատգամավորն ասաց, որ այդ կերպ ցանկանում են ցույց տալ իբր Հայաստանը նվազ կարգավիճակ ունի ԵԱՏՄ-ում, իբր ՀՀ վարչապետի հանդեպ կա հատուկ վերաբերմունք, ինչն այդպես չէ. «Հայաստանը լիարժեք անդամ է և Հայաստանի առաջարկություններն ընդունվում են: Հայաստանը նաև քննակում է մյուս գործընկերների առաջարկները: Բոլորը հավասար են, կառույցն այդպես է աշխատում»: