Այսօր՝ մայիսի 30-ին, Գործադիրն ընդունել է «Գնման ընթացակարգ կազմակերպելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհի առանձին հատվածներում ասֆալտբետոնե ծածկը մաշվել է, ծածկի վրա առաջ են եկել մեծ քանակի ճաքեր և անհրաժեշտություն է առաջացել տվյալ ճանապարհահատվածը շուտափույթ նորոգելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևանի ավազանը Հայաստանի համար ունի զբոսաշրջային շատ կարևոր նշանակություն և Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհը հանգստի ակտիվ շրջանում ծառայում է դեպի զբոսաշրջային կարևոր գոտի տանող երթուղի և գրեթե մեկ ամսից մեկնարկելու է հանգստի գոտու ակտիվ շրջանը, իսկ շինարարության ծավալները մեծ են և տեխնոլոգիական առումով ժամանակատար, ուստի անհրաժեշտ է շինարարական աշխատանքները իրականացնել հինարավորինս սեղմ ժամկետում: Ըստ այդմ՝ նորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ 2019 թ. պետբյուջեով «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով որպես կատարող` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հատկացվել է 237 մլն դրամ, իսկ ՀՀ կառավարությանը` 8,4 մլն դրամ: Ներկայումս, հաշվի առնելով, որ 5 օբյեկտների գծով ևս առկա են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, անհրաժեշտություն է առաջացել կրկին կատարել վերաբաշխում ԲՍԿ-ների մասով` 3,95 մլրդ դրամի չափով: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 31.58 կմ ավտոճանապարհ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը, առաջարկվում է շինարարական և տեխնիկական հսկողության աշխատանքների համար որպես մրցույթի ձև սահմանել հրատապ բաց մրցույթ: