Հայաստան 

Ավանում շահագործման հանձնվեց հերթական բազմաբնակարան շենքը. բացմանը ներկա էր նաև ՀՀ Նախագահը

analitik.am

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման արարողությանը:

 

Հանրապետության ղեկավարը շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակության պայմաններին:

 

Նշված բնակարանաշինական ծրագրի շրջանակում բնակարան ձեռքբերելու հնարավորություն են ստացել թվով 338 շահառուներ՝ 98 լրագրողներ, 112 բժիշկներ, 115 մանկավարժներ և 13 մարզիկներ: Բնակարանները շուկայականից զգալի ցածր գներով տրամադրվել են վերոհիշյալ թիրախային խմբերի երիտասարդ մասնագետներին: Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում 2012թ. մեկնարկած շենքային այս համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է 48131քմ: Համալիրի հարակից տարածքը՝ շուրջ 11700 քմ. ընդհանուր մակերեսով, ամբողջությամբ բարեկարգվել է, կառուցվել են նոր կոմունիկացիոն համակարգեր, իրականացվել են կանաչապատման աշխատանքներ:

 

Շրջայցի ընթացքում ծրագրի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նաև տարածքում նախատեսված առաջիկա անելիքները: Նշվել է, որ աշնանը կմեկնարկեն շենքերի հարակից տարածքում քաղաքային պուրակի ձևավորման և ծառատնկման աշխատանքները, որտեղ կկառուցվեն նաև մանկական խաղահրապարակներ և ծառուղիներ:

 

Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 5.864.923.000 ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է ավելի քան 900 աշխատատեղ:

Նույն շարքից