Հայաստան 

Աշնանը ներքաղաքական կյանքում թեժ զարգացումներ դժվար թե գրանցվեն. Ա. Բադալյան

analitik.am

Հայաստանյան ներքաղաքական կյանքում աշնանը թեժ զարգացումներ դժվար թե գրանցվեն: Իհարկե, հնարավոր է՝ ընդդիմությունը, կառավարությանը ներկայացված 12 կետանոց առաջարկների մերժման դեպքում խոստացածի նման  հանրահավաքներ կազմակերպի, բողոքի ակցիաներ իրականացնի, սակայն դրանք որևէ լուրջ հետևանք չեն ունենա: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ  Արմեն Բադալյանը:

 

Նրա համոզմամբ, մի բան է ժողովրդին փոփոխությունների և վճռորոշ գործողությունների խոստում տալը, մեկ այլ բան՝ այդ խոստումներն իրականացնելը: «Իր գործողություններում հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է երկու աջակիցներ ունենա՝ հասարակություն և աշխարհաքաղաքական կենտրոններ: Մինչդեռ Հայաստանում այսօր հասարակություն չկա, կան առանձին բնակիչներ, որոնք սպասում են հարմար առիթի՝ մյուսների նման արտագաղթելու»,- նշեց Արմեն Բադալյանը:

 

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական կենտրոնների՝ հայաստանյան ընդդիմությանն աջակցելու հնարավորությանը, փորձագետը նկատեց, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում իշխանությունն իրացնում է Ռուսաստանը: «ՀՀ իշխանությունն անմիջականորեն կատարում է ՌԴ-ի կարգադրությունները: Իսկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանների միջև վերջին հակաճառությունը փաստացի վկայեց, որ ՌԴ դեսպանն իրեն թույլ է տալիս հանդես գալ իբրև ՀՀ արտգործնախարար: Այսպիսի իշխանությունը ձեռնտու է Ռուսաստանին, հետևաբար ինչու պետք է նա օգնի հայաստանյան ընդդիմությանը՝ հասնել իշխանափոխության: Մյուս կողմից, իր ազդեցությունն է կորցնում Արևմուտքը: Նրա համար Հայաստանում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գործոններ չկան»,- ասաց Արմեն Բադալյանը:

Նույն շարքից