Քաղաքական 

Արթուր Վանեցյանը փորձում է մարել կրակը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործն ամբողջությամբ բացահայտված է, հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում՝ մայիսի 30-ին Բաբայանի գրասենյակի տարածած արդեն հայտնի հաղորդագրության կապակցությամբ: Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ չկա որևէ քաղաքական ասպեկտ, և խնդիրը միմյանց միջև եղած ֆինանսական հարցերն են:

ԱԱԾ պետն իր հայտարարությամբ փաստացի մարում է կամ փորձում է մարել այն կրակը, որը բորբոքվել էր Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությամբ: Հիշեցնենք, որ հայտարարվել էր Բաբայանի կողմնակիցների ճանապարհը փակելու և նրանց ուղղությամբ կրակելու մասին՝ դրա համար մեղադրելով Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կողմնակից համարվող անձանց:

Այս ամենը ակնառու կերպով տեղավորվում է Արցախի նախագահի ընտրության գործընթացի մեջ: Արայիկ Հարությունյանը հայտարարել է առաջադրվելու մասին, իսկ Սամվել Բաբայանը՝ մտադրություն ունենալու, թեև կարծես թե ունի առաջադրվելու իրավական խնդիրներ: Նա տևական ժամանակ հայտարարում է, որ այդ խնդիրները առաջացնում են իրեն առաջադրվել թույլ չտալու համար:

Մի բան աներկբա է. Արցախի նախագահի ընտրությունն առաջին անգամ անցնելու է իրապես թեժ պայքարում: Թեկնածու կլինի նաև ԱԽ ներկայիս քարտուղար Վիտալի Բալասանյանը, հնարավոր են այլ առաջադրումներ ևս: Թեժությունը անկասկած պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանն առաջին անգամ որդեգրել է ուղիղ միջամտություն թույլ չտալու մոտեցումը՝ թավշյա հեղափոխությունից հետո:

Միաժամանակ, սակայն, կասկած չկա, որ Հայաստանի իշխանությունն ունենալու է իր նախընտրելի տարբերակը: Ներկայումս այդ տարբերակ դիտվում է Արայիկ Հարությունյանը, որը նաև թավշյա հեղափոխությունից ի վեր բավականին լոյալ է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հանդեպ: Կփոխվի՞ իրավիճակը մինչև ընտրություն, թե ոչ, դա կախված է թերևս թեկնածուների շրջանակի որևէ փոփոխությամբ:

Դրան զուգահեռ, անշուշտ, իր նախընտրելի տարբերակներն ունի Հայաստանի նախկին իշխող համակարգը, կամ ավելի շուտ հնարավոր է ասել՝ համակարգի առնվազն երկու թևերը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Մեծ հավանականությամբ, նրանք ունեն տարբեր նախընտրելի սցենարներ: Իհարկե, նրանց միջև մրցակցությունը չի կրի նույն բնույթը, ինչ առանձին մրցակցությունը Հայաստանի նոր իշխանության նախընտրությունների հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից