Հայաստան 

Ադրբեջանը նպատակ է հետապնդում խաթարել բանակցային գործընթացը. Էդվարդ Նալբանդյան

analitik.am

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 3-ին ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը եւ Ալբերտ Վայլերը։


ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ արտգործնախարարը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը, ինչն արտահայտվում է դինամիկ եւ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ, փոխադարձ այցելություններով, այդ թվում` միջխորհրդարանական հարթությունում։ Անդրադարձ կատարվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Գերմանիայի պատգամավորների միջեւ փոխգործակցությանը։


Երկուստեք նշվեց տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության ներուժը լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունը։


Քննարկվեցին առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Կարեւորվեց Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։


Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմի ջանքերը։ Նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտումները նպատակ են հետապնդում խաթարել բանակցային գործընթացը: Հայաստանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ համատեղ, գործադրելու է անհրաժեշտ քայլերը` սադրիչ գործողությունների կասեցման, իրավիճակի կայունացման, հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու նպատակով բանակցային գործընթացի շարունակման համար:

Նույն շարքից