«ՎԵՏՕ»-ի նպատակն է այնպես անել, որ Հայաստանից դուրս մղվեն օտարերկյա գործակալները: Այն մարդիկ, ովքեր այլ երկրների հիմնադրամների փողերով փորձում են Հայաստանում իրականացնել ազգադավ, պետականաքանդ գործունեություն, չկարողանան զբաղեցնել պետական որևէ պաշտոն և ազդեցություն ունենան որոշումների կայացման գործընթացի վրա: Դա պետք է օրենքով կարգավորվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման համահիմնադիր Անի Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 31-ին, «ՎԵՏՕ» շարժումը խաղաղ ակցիա էր իրականացնում Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակի մոտ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ Սորոսի գրասենյակին:
Հովհաննիսյանը նշեց նաև, որ վերոնշյալ մարդիկ չպետք է ունենան ազդեցություն այն որոշումների վրա, որոնք կարող են վտանգել Հայաստանի պետականությունը. «Կառավարությունում և Ազգային ժողովում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր Սորոսի հինադրամից գումարներ են ստացել, երկար տարիներ կատարել են տարբեր տիպի պատվերներ այդ գրասենյակի համար, իսկ այսօր զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ: Այսօր արդեն Ազգային ժողովում փորձում են ընդունել հարցեր, որոնք ցանկալի են Բաց հասարակության հիմնադրամին, սակայն վնասակար մեր ազգի և պետականության համար»: