Հայաստան 

Ադրբեջանում կիրառում են «Ղարաբաղյան առաջին և երկրորդ» պատերազմ տերմինը. ադրբեջանագետ

analitik.am

Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգն առկա է ամեն օր, մանավանդ, որ Ադրբեջանում ընդունված է օգտագործել ղարաբաղյան առաջին պատերազմ տերմինը, իսկ ադրբեջանական մամուլում վերջերս հաճախ են հանդիպում «Կսկսվի՞ ղարաբաղյան երկրորդ պատերազմ» վերտառությամբ հոդվածներ: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղաադրբեջանական և հայ-ադրբեջանական շփման գծում դիվերսիոն գործողությունների ակտիվացմանը:

 

Նրա խոսքով, չնայած Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներ, մտահոգություն հայտնեցին սահմանային դեպքերի առնչությանմբ և ընդհանրական գնահատականներ հնչեցրեցին, սակայն ակնկալելի էր, որ Ադրբեջանի գործողությունների հանդեպ գերտերությունների արձագանքներն առավել կոշտ կլինեին: «Միաժամանակ, չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Միացյալ նահանգները Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կկիրառեն: Նրանք, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամներ, նախևառաջ, պետք է անեն ամեն բան՝ հաջողեցնելու հակամարտ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, իսկ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից առաջ ադրբեջանական կողմը միշտ էլ սահմանին սադրիչ գործողություններ է թույլ տալիս»,- ասաց ադրբեջանագետը:

Նույն շարքից