Հայաստան Ռազմական 

Գլոբալ առումով այսօր լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հիմք չկա

analitik.am

Գլոբալ առումով այսօր լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հիմք չկա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, ԱԺ-ում խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է«Արմենպրեսս»-ը: 


«Առաջնային գծում իրավիճակը լարված է՝ անկասկած, ցանկացած ժամանակ մեր հարեւանները կարող են սադրանքներ կազմակերպել, ինչը կարող է վերածվել պատերազմի: Բայց այսօր մենք, ՀՀ նախագահը, ռազմաքաղաքական ղեկավարությունը ամեն ինչ անում ենք, որ լարվածությունը հանդարտեցվի: Իսկ այս օրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գլոբալ առումով այսօր լայնամասշտաբ գործողությունների հիմք դեռեւս չկա»,-ասել է նախարարը:


Անդրադառնալով փաստին, որ մի խումբ կամավորականներ բարձրացել են դիրքեր եւ սատարում են զինծառայողներին, Սեյրան Օհանյանն ասել է, որ այսօրվա բանակի ցանկացած զինծառայող ունի ռազմական վարպետության աստիճանը, գիտելիքներն ու փորձառությունը, որ ունեն նաեւ փորձառու զինվորականները: «Նրանք գնացել են ոգեւորելու մեր զինծառայողներին եւ դա շատ կարեւոր է: Առայժմ բանակը այս իրավիճակում` առանց համալրման եւ մարտական պատրաստակամության բարձր աստիճանի բերման ի վիճակի է իր առջեւ դրված խնդիրները լուծելու: Դուք տեսաք` մեր տված պատասխաններն այնքան հուժկու են, որ նրանք պետք է խելքի գան»,-ասել է Պնախարարը:

Նույն շարքից