Հայաստան 

Յանուկովիչը Եվրադատարանում պահանջում է իրեն օրինական նախագահ ճանաչել

analitik.am

Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության դատարանին ներկայացրած հայցում պահանջում է չեղյալ հայտարարել մարտի 5-ին իր դեմ սահմանված պատժամիջոցներն ու իրեն անվանում է Ուկրաինայի միակ օրինական նախագահ: Այդ մասին նշվում է հայցի տեքստում, որը հրապարակվել է ԵՄ Պաշտոնական ամսագրում, հաղորդում է ՈՒՆՆ-ը:


Իր հայցում Յանուկովիչը նշում է, որ «Ուկրաինայի օրինական եւ ժողովրդավարական ընտրված նախագահն է, իսկ «Նախկին նախագահ» ձեւակերպումը դեմ է Ուկրաինայի օրենքին  ու միջազգային իրավունքին, իսկ այսպես կոչված «ժամանակավոր նախագահն ու կառավարությունը» չեն օրինականացվել եւ դեմոկրատական եղանակով չեն ընտրվել, իշխանությունը ստացել են անօրինական ուժով՝ ընդդեմ օրինականությանը, ժողովրդավարական սկզբունքներին ու միջազգային իրավունքի նորմերին»:


Բացի այդ, նախկին նախագահը ԵՄ-ում իր հաշիվների սառեցումն ապօրինի է համարում, քանի որ «պատժամիջոցները սահմանելու ժամանակ ուկրաինական իրավապահ մարմինները հետաքննություն չեն վարել պետական ունեցվածքի յուրացման մեղադրանքով», իսկ դա «սեփականության իրավունքի խախտում է, որը երաշխավորված է ԵՄ հիմնական կանոնների խարտիայում»:


Նշենք, որ Յանուկովիչի երկու որդիներ Վիկտորն ու Ալեքսանդրը նմանատիպ հայցեր են ներկայացրել Եվրոսպական միության դատարան:

Նույն շարքից