Հայաստան 

ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին սատարելու հարցում

analitik.am

Ազգային ժողովի բոլոր վեց խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ սահմանի լարվածության վերաբերյալ:


Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր եւ դիվերսիոն գործողություններ իրականացնել, տարբեր տրամաչափի զենքերից պարբերաբար գնդակոծվում են հայկական խաղաղ բնակավայրերը:


Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգտում է օգտվել աշխարհաքաղաքական նոր իրողություններից եւ նման արկածախնդիր հարձակումներով ձախողել ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Ադրբեջանի ղեկավարության` իրավիճակին ոչ համարժեք եւ անպատասխանատու կեցվածքը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության` հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքին:


Հերթական անգամ հայկական ուժերի հարկադրված պատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր եւ վիրավորներ: Մեր հայրենիքի սահմաններին կանգնած զինվորներն ապացուցեցին, որ մշտապես համարժեք պատասխանով Ադրբեջանին թույլ չեն տալու ռազմական գերակշռության հասնել: Այդ սադրանքների ընթացքում հայ զինվորը ցույց տվեց իր մարտական բարձր պատրաստականությունն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենքի պաշտպանության գործին:


Մեր ժողովրդի հետ սգում ենք զոհված հերոսների կորուստը եւ ցավակցում նրանց հարազատներին ու մտերիմներին: Նրանց անունն ու սխրանքը վառ պահելը ամենքիս խնդիրն է:


Ստեղծված իրավիճակում բացառիկ կարեւորելով հայ հանրության համախմբվածությունը Հայաստանի զինված ուժերի շուրջ՝ ՀՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապատեության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի քննության եւ ժողովուրդների միջեւ ատելություն սերմանող հայտարարությունների եւ գործողությունների բացառման ուղղությամբ:


Միջազգային կազմակերպություններին եւ պետություններին` հրաժարվել ընդհանուր գնահատականներից, կողմերի միջեւ հավասարություն դնող մոտեցումից եւ դատապարտել Ադրբեջանի` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտված նախահարձակ ու սադրիչ գործողությունները: Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքներին:


Միաժամանակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձությունների անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է միայն ինքը: Հայ ժողովուրդն ու հայ զինվորը ապացուցել եւ ապացուցելու են, որ պատրաստ են ապահովել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:


ՀՀ ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին եւ մեր զինվորներին սատարելու հարցում»,- ասվումէ  հայտարարության մեջ:

Նույն շարքից