Հայաստան 

Ասորիները պահանջում են, որ միջազգային հանրությունը դատապարտի Թուրքիային. Խոսրոեվ

analitik.am

Այսօր՝ հուլիսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի «Ատուր»  ասորիների միության ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը հայտարարեց, որ Հայաստանը չի ճանաչում ասորիների ցեղասպանությունը:


Նրա խոսքով՝ գլխավոր պատճառը Եվրախորհրդարանի կողմից միայն հայերի ցեղասպանության ընդունումն է՝ արհամարհելով ասորիների եւ հույների ցեղասպանության փաստը:


Խոսրոեւը նաեւ նշեց, որ Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները կարող են ստվերում թողնել Օսմանյան Թուրքիայում հայերի եւ ասորիների ցեղասպանության 100-ամյա տարելիցը:


«Վտանգ կա, որ եթե այժմ ասորիների ցեղասպանությունը բարձր մակարդակում չհնչեցվի, ապա այդ ողբերգական իրադարձությունը մոռացության կմատնվի», - նշեց Խոսրոեւը՝ հավելելով, որ ասորի ժողովուրդը սեփական պետություն չունենալու պատճառով Հայաստանի իշխանությունների աջակցության կարիքն ունի:

 

Նա նաև ասաց, որ ասորի ժողովուրդը համաշխարհային հանրությունից պահանջում է  դատապարտել թուրքական քաղաքականությունը եւ Օսմանյան կայսրությունում հայերի եւ ասորիների ցեղասպանության հերքումը՝ կարդալով Համաշխարհային ասորական դաշինքի (AUA) ուղերձը՝ հասցեագրված համայն աշխարհի դիվանագետներին:


Ուղերձում նաեւ ընդգծվում է, որ Ցեղասպանության հետեւանքով կորսված տարածքներն ու նյութական արժեքները պետք է փոխհատուցվեն միջազգային նորմերի շրջանակներում: Հեղինակները նաեւ ուշադրության են հրավիրում այն հանգամանքին, որ այժմյան թուրքական կառավարությունը շարունակում է իր նախնիների քաղաքականությունը՝ առաջնորդվելով «մեկ ազգ, մեկ դրոշ» կարգախոսով: Թուրքիայում այսօր էլ պարբերաբար հետապնդումների են ենթարկվում տարբեր ազգային փոքրամասնություններ, եւ ոչնչացվում են նրանց մշակութային եւ հոգեւոր արժեքները:

Նույն շարքից