Հայաստան 

Ասկերանում և Ակնայում՝ զինվորի կողքին

analitik.am

ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթների շրջանակներում ընդգրկված են մերօրյա հերոսների փառաբանմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված անվանակարգեր։ Մի շարք հասարակական կազմակերպություններ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհներով իրականացնում են ծրագրեր, որոնք նվիրված են հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորմանը, հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսների փառաբանմանը, հասարակության շրջանում առկա արատավոր բարքերի դեմ պայքարին։


«Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար իրանականցնում է «ՀՀ զինված ուժերը՝ որպես երկրի անվտանգության հիմնական երաշխավոր» ծրագիրը:


Համապատասխան դասախոսություններից հետո ծրագրի երկրորդ փուլը գործնական հմտությունների ձեռքբերման, բանակային առօրյային ծանոթանալու նպատակով զինված ուժեր այցելություններն էին, որոնք իրականացվեցին հուլիս ամսվա ընթացքում։ Երիտասարդները եղան Ասկերանում տեղակայված զորամասում, որտեղ նրանք մասնակցեցին մարտավարական դասընթացների, ծանոթացան ԱԿ և ԱԿՄ ինքնաձիգի, «Դրագունով» դիպուկահար հրացանի կառուցվածքին և շահագործմանը, զինվորական ծառայության ընթացքում զինվորների մարտավարական հմտություններ ստանալու կարգին, կանոնադրային հարաբերությունների առանձնահատկություններին: Մասնակիցներին ներկայացվել են արցախյան պաշտպանական նշյալ սեգմենտում որդեգրված պաշտպանական քաղաքականության մի շարք առանձնահատկություններ, տրվել է հետախուզական գործողությունների նպատակին, ձևին, իրականացման փուլերին, ինչպես նաև զինծառայության և դիրքապահ ծառայության առանձնահատկություններին առնչվող տեղեկություն: Մասնակիցներն այցելել են հրետանային դիվիզիոնի տեխնիկական պարկ, որտեղ ծանոթացել են հրանոթների շահագործման առանձնահատկություններին, ապա ծանր զինտեխնիկայի պարկում` տանկերին, դրանց կառուցվածքին, շահագործման ձևին։

Ծրագրի մասնակիցները, անցնելով Ակնա (Աղդամ) քաղաքով, այցելել են ԼՂՀ ՊԲ  մարտական դիրքերից մեկը, որտեղ գործնականում ծանոթացել են մարտական հերթապահության կառուցվածքին, հերթապահության կազմակերպման կարգին, դիտակետից ուսումնասիրել են հակառակորդի դիրքերը:


Ծրագրի յուրաքանչյուր մասնակից անցել է կրակային պատրաստության դասընթաց։


«ՀՀ զինված ուժերը՝ որպես երկրի անվտանգության հիմնական երաշխավոր» ծրագրի շրջանակներում «Փորձագետ» ՀԿ անդամերը մշակել են նաև ՀՀ զինված ուժերի և ռազմական անվտանգության ապահովման հիմնահարցերի վերաբերյալ մասնագիտական ձեռնարկ, որը կտրամադրեն ինչպես զորակոչիկներին, այնպես էլ շահագրգիռ կազմակերպություններին ու անձանց։



Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նույն շարքից