Հայաստան 

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Իրաքում փոքրամասնությունների հետապնդումները

analitik.am

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է «Իսլամական պետության» կողմից Իրաքում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ճնշումը եւ երկրի հանրությանը կոչ է արել համախմբվել ու պատասխանել երկրի ամբողջականությունը վտանգող սպառնալիքին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


«Անվտանգության խորհրդի անդամները ամենավճռական կերպով դատապարտում են փոքրամասնությունների, այդ թվում քրիստոնյաների եւ «Իսլամական պետության» ու նրա հետ կապված զինված խմբավորումների ծայրահեղական գաղափարախոսությանը դեմ հանդես եկող ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները: ԱԽ-ի անդամները կոչ են անում Իրաքի ողջ ժողովրդին համախմբվել եւ միջազգային հանրության աջակցությամբ պատասխանել երկրի ամբողջականությանը, ազգային նկարագրին եւ ապագային սպառնացող այս դաժան վտանգին», - նշվում է փաստաթղթում:

 

Անվտանգության խորհրդում նշել են, որ Իրաքում եւ Սիրիայում իսլամիստների լայնամասշտաբ հարձակումները «անդրսահմանային բնույթ են կրում եւ հաստատում այն փաստը, որ «Իսլամական պետությունը» սպառնում է ոչ միայն այդ երկրների, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի խաղաղությանը,  անվտանգությանն ու կայունությանը»: Անվտանգության խորհրդի անդամները ընդգծել են, որ կրոնական համոզմունքներով կամ էթնիկ ծագմամբ դրդված հարձակումները խաղաղ բնակիչների վրա մարդկության դեմ հանցագործություններ են եւ դրանց պատասխանատուների նկատմամբ պետք է արդար դատաստան տեսնել:

Նույն շարքից