Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Բելգիայից հայտնի ցուցարար Քրիս Բերտերյանը միանում է ՎԵՏՕ շարժմանը. Հարցազրույց

analitik.am

Օրեր առաջ Հայաստան է ժամանել YellowFest (Դեղին ժիլետներ) ցույցերի կազմակերպիչ , մեր հայրենակից Քրիս Բերտերյանը: Հայաստանում նրան հիշում են Ֆրանսիայում, Բելգիայում տեղի ունեցած  դեղին ժիլետներով  բողոքի ակցիաներից, որոնց շրջանակներում էլ Քրիսը հարցազրույց էր տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Analitik.am-ը մի շարք հարցերի շուրջ զրուցել է Քրիսի հետ:

Քրիս, Հայաստանում Ձեզ բոլորը ճանաչում են՝ որպես Դեղին Ժիլետներ (Yellow Fest) ակցիայի կազմակերպիչ,  ավելի մանրամասն կասեք, թե ինչի՞ դեմ էր Ձեր պայքարը, մի փոքր պատմեք Ձեր մասին, Եվրոպայի հասարակական-քաղաքական  կյանքի մասին:

Մոտ 6 ամիս է, ես ակտիվ եմ Yellow Fest-ի շրջանակներում ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Բելգիայում: Եվրոպայում մենք պայքարում ենք այս գլոբալիստների մաֆիայի, Եվրամիության դիկտատուրայի դեմ: Եվրոպայում մարդիկ ցանկանում են դուրս գալ Եվրոպական Միությունից, Դուք գիտեք, որ Մեծ Բրիտանիան Brexit-ը նախընտրեց՝ բնակչության մեծ մասը քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին, այժմ Ֆրանսիայում մարդիկ Frexit են ուզում, Բելգիայում՝ Bexit և այսպես շարունակ: Փաստացի, եվրոպական բոլոր երկրների բնակչությունն ուզում է դուրս գալ ԵՄ-ից: Ես տեսնում եմ, որ Հայաստանում մարդկանց պայքարը նույնն է՝ գլոբալիստների մաֆիայի դեմ, ուստի ես աջակցում են նրանց: Մենք բոլորս նույն պայքարն ենք մղում, հետևաբար ես ամբողջապես աջակցում եմ Հայաստանում այդ գլոբալիստների մաֆիայի դեմ պայքարին:

Դուք նշում եք գլոբալիստների մաֆիայի մասին, որի դեմ պայքարում են Եվրոպայում, Սորոսի հիմնադրամն, ըստ Ձեզ, այդ մաֆիայի մաս կազմո՞ւմ է:

Իհարկե, նա այդ մեծ ցանցի կազմում է, և այդ մարդկանց նպատակը երկրները քանդելն է:

Հայաստանում կա տեսակետ, որ մենք պետք է զարգանանք, այսպես ասած, նմանվենք Եվրոպային, արդյոք այն գաղափարները, որոնք տարածվում են այժմ Հայաստանում՝ միասեռականության քարոզչություն, ԼԳԲՏ համայնքին ավելի շատ իրավունքներ տալ և այլն, ընդունված են եվրոպական երկրների բնաչության կողմից: Հասարակ եվրոպացիները դա համարո՞ւմ են զարգացվածության նշան, թե՞ իրենք էլ են դեմ, ուղղակի պարտադրվել է համապատասխան օրենսդրություն:

Մենք այնտեղ ունենք հասարակության մի մաս, որը կարծում է, որ այդ ամենը նորմալ է, ունենք նաև բավականին շատ մեկ այլ հատված, որը դեմ է միասեռականության և ԼԳԲՏ-ի այդ քարոզչությանը: Այսպես ասած, հասարակությունը բաժանված է երկու մասին: Հենց այս պատճառով է, որ ես ասում եմ, որ տեսել եմ, թե ինչ է արել ԵՄ-ն իմ երկրի հետ՝ ես ծնվել եմ Բելգիայում, ապրել եմ այնտեղ, և տեսել են, թե ինչպես են այն քանդում: Մի քանի տարի առաջ Բելգիան շատ լավ երկիր էր, մարդիկ բարեկեցիկ կյանքով էին ապրում, բայց ԵՄ-ին միանալուց հետո մենք այլևս չունենք սահմաններ, մարդիկ տարբեր տեղերից կարող են գալ, սահմաններ չկան: Առաջ ամեն երկիր ուներ իր տարադրամը, այժմ եվրոն է, ինչի պատճառով կյանքը շատ թանկ է:Առաջ մենք ունեինք լավ կյանք, այժմ մենք ունենք շատ դժվար կյանք ՝ այս եվրոյի պատճառով: Նրանք երկար տարիներ իրականացրեցին ուղեղների լվացում, բայց այսօր բազմաթիվ մարդիկ ուշքի են գալիս, և հասկանում, թե ինչ բացասական հետևանքներ ուներ ԵՄ-ին միանալը: Արդեն մի տարի է՝ ես տեսնում եմ Հայաստանում այս նույն քարոզչությունը և ուղեղի լվացման գործընթացը: Ես չեմ ուզում, որ Հայաստանը դառնա իմ երկրի նման, քանի որ վերապրել եմ այդ ամբողջ բացասական հետևանքները:

Այսինքն՝ ԵՄ-ին անդամակցելն առաջին հերթին տնտեսական վիճակն է վատթարացնում երկրների, ինչպես հասկացա Ձեր խոսքից:

Այո, ինչո՞ւ էինք մենք իրականացնում Yellow Fest-ը, քանի որ մարդիկ աշխատում են, աշխատավարձ ստանում, բայց երկու շաբաթ անց գումար չունեն: Մարդիկ աշխատանք ունեն, բայց աղքատ են: Մենք այդ ակցիաներն իրականացնում ենք, որովհետև մարդիկ նորմալ կյանք չունեն:

Հայաստանում, երբ մարդիկ տեսնում եմ եվրոպական որևէ երկրում բողոքի ակցիա՝ միանգամից վերագրում են դա Ռուսաստանին՝ ասելով, թե Պուտինն է հովանավորում, Մոսկվան է պատվիրել և այսպես շարունակ, ի՞նչ կասեք այս մասով:

Դա ծիծաղելի է, շատ ծիծաղելի, նրանք տեսնում են Պուտինին ամեն տեղ: Ես կուզեմ այստեղ ասել, որ երբ մենք ուսումնասիրում ենք տարբեր գունավոր հեղափոխությունները՝ Վրաստանում, Ուկրաինայում, Լիբիայում, ինչպես նաև անցյալ տարի Հայաստանում և այլն, այս բոլոր, այսպես կոչված, ֆեյք հեղափոխությունները հովանավորվել և ֆինանսավորվել են գլոբալիստների մաֆիայի կողմից: Այդ կեղծ հեղափոխությունները կարողանում են իրագործվել, քանի որ միլիոնավոր դոլարներ են ծախսվում դրանց վրա: Ֆրանսիայում բողոքի ցույցերը, այն գործընթացը, որ տեղի էր ունենում, իրականում, դեմ էր այդ գլոբալիստների մաֆիային, դրա համար էլ որևէ արդյունք չունեցավ՝ չնայած տևեց 6-7 ամիս: Մենք չունենք այն հզոր ռեսուրսը մեր հետևում, ինչպես կեղծ գունավոր հեղափոխությունների դեպքում է , որոնք հնարավոր է դառնում իրագործել երկու-երեք շաբաթում:  Այս գլոբալիստների մաֆիան՝ այդ թվում Սորոսն, ունեն  մի նպատակ՝ քայքայել երկրները, ժողովուրդներին, կորցնել ազգային ինքնությունը:

Տեղյակ ենք, որ միացել եք ՎԵՏՕ շարժմանը, ինչո՞ւ որոշեցիք միանալ ՎԵՏՕ-ին:

Ակնհայտ է, որ ՎԵՏՕ-ն անում է այն, ինչ մենք անում ենք Եվրոպայում: Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ հայերը մենակ չեն, բոլոր եվրոպական երկրների բնակչությունը նույնն է անում, ինչ դուք, պայքարում է այդ գլոբալիստների մաֆիայի դեմ: Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, ամենուրեք ցանկանում են վերջ դնել այս քայքայիչ ցանցին: Եթե հետևեք եվրոպական երկրներում տեղի ունեցող ընտրություններին, պարզ կլինի, որ այժմ արդեն ազգայանական ուժերն են ավելի ուժեղանում այդ երկրներում: Մարդիկ ցանկանում են պահել իրենց ազգային ինքնությունը, հասկացել են, որ ուղեղի լվացում է տեղի ունեցել, զարթնել են, այսպես ասած: Ես կոչ եմ անում հայ ազգին շարունակել պայքարել ազգային ինքնությունը, պետականությունը պահելու համար, իմանան, որ իրենք մենակ չեն, իմանան, որ այն պայքարը, որ նրանք մղում են Հայաստանում, մենք՝ եվրոպական երկրների ժուղովուրդներս, տանում ենք մեր երկրներում: Մենք նույն ուժի դեմ ենք պայքարում՝ գլոբալիստների մաֆիայի: Մենք պետք է շարունակենք պայքարը: Նշեմ նաև, որ վաղը՝ հունիսի 3-ին, միանալու եմ ՎԵՏՕ-ի ակցիային՝ ընդդեմ Սորոսի գրասենյակի:

 

Նույն շարքից