Հայ լինելը կեղտոտ բան համարող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին յուրահատուկ ձեւով է արձագանքել Էրգենեկոնի գործով հատուկ իրավասություններով դատախազ Զեքերիա Օզը: Հայտնի դատախազ Զեքերիա Օզը Twitter-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերին եւ վրացիներին վիրավորող ելույթին:
«Ավելի վաղ էլի գրել եմ, որ ժողովրդի մի մասին մյուսի դեմ հանել, հրահրելը, ստորացնելը Թուրքիայի քրեական օրենսգրքով քրեական հանցանքն է:
Թուրքիայի հանրապետության մեջ ապրում են տարբեր էթնիկ եւ կրոնական խմբեր, որոնք կազմում են այստեղ միասին ապրած ժողովուրդների խճանկար: Ոչ-ոք իրավունք չունի ճեղքել կամ կոտրել այդ խճանկարը: Օրենքի եւ ժողովրդի առաջ հավասար են բոլորը՝ թուրքը, հայը, վրացին, լազը, քուրդը, մուսուլմանը, քրիստոնյան կամ ալեւին»,-գրել է թուրք դատախազը:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Star TV եւ NTV հեռուստաընկերությունների համատեղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաեւ ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին: «Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, կներեք, բայց մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ»,-ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի այս խոսքերը մեծ արձագանքն են գտել թուրքական մամուլում եւ սոցկայքերում։