Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը կներկայացնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստում քիչ առաջ հայտարարեց, որ այժմ հաստատում են Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը՝ նախքան Նախագահի մոտ վավերացման ուղարկելը։
Ավելի վաղ «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջը, հայտնել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցն ընդգրկված է Ռուսաստանի կառավարության օգոստոսի 7-ի նիստի օրակարգում:
«Միացման պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»,- նշվում է հաղորդագրությունում:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ստորագրել են մայիսի 29-ին Աստանայում: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Եվրասիական տնտեսական միության ստեղծումը Մաքսային միության երկրներին բարձրացնում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի, ամբողջանում է ԱՊՀ տարածքում խոշորագույն միասնական շուկայի (170 մլն մարդ) ձևավորման գործընթացը:
Հուլիսի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուսական դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը, նշել է, որ շատ մոտ ապագայում Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: