Հայաստանի կոմունիստական եւ Առաջադիմական Միացյալ կոմունիստական կուսակցությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանամերձ շրջաններում իրավիճակի ապակայունացմամբ, որն ուղեկցվում է միմյանց հաջորդող զինված հարձակումներով` խլելով հայ-ադրբեջանական սահմանը հսկող հայկական բանակի զինվորների եւ սպաների կյանքեր:
Երկու կուսակցությունների տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայկական եւ ԼՂՀ-ի զինված ուժերի պատասխան գործողությունները թեեւ կանխում են ադրբեջանական կողմի ագրեսիվ նկրտումները, սակայն ստեղծված իրավիճակը պահանջում է 20 տարվա փխրուն զինադադարը հասցնել կայուն հաշտության պայմանագրի կնքման: ԼՂՀ-ի խնդրի կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները ճիշտ գնահատական են տվել ստեղծված իրավիճակին` պահանջելով բացառել ռազմական ճանապարհով խնդրի լուծումը:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայկական բանակին` որպես մեր ժողովրդի անվտանգության երաշխավորի եւ ակտիվացնում ենք մեր ունեցած միջազգային կապերը` նպաստելու հանրային արդարացի կարծիքի ընդլայնմանը ԼՂՀ-ի խնդրի վերաբերյալ եւ սատարում ստանալու ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայության ըմբռնման հարցում: Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին առավել գործնական քայլեր իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում կայունություն հաստատելու եւ խնդիրը վերջնականապես ու արդարացի լուծելու համար»: