«Սորոսի» գրասենյակի մոտ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած բողոքի ակցիան այսօր ավարտվեց, սակայն ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ պայքարը շարունակվելու է: Քաղաքացիներն այսօր այդպես էլ չհաջողվեց ճեղքել ոստիկանական պատնեշն ու մոտենալ գրասենյակին:
Մալյանի խոսքերով, ինչպես ոստիկանները, այնպես էլ իրենք, այդպես էլ չիկմացան, թե ինչու է արգելվում «Սորոսի» գրասենյակի մոտ խաղաղ ցույց անել. «Սահմանադրությունը մեզ այդ հնարավորությունը տալիս է, եթե տարածքը հատուկ պահպանվող տարածք չէ: Միգուցե մեր կառավարությունը տեղափոխվել է այստեղ: Եթե այդպես է, թող ասեն, որ ցույցեր չկազմակերպենք»:
Մալյանը, դիմելով ոստիկաններին, կոչ արեց իրենց դեմքերը լավ հիշել՝ նշելով որ ակցիաները շարունակվելու են. «Գաղտնի, թաքուն բաներ մենք չենք անելու: Խնդրում եմ ոստիկանությանը բաժանորդագրվել է «ՎԵՏՕ» շարժման էջին, որովհետև մեր բոլոր ակցիաների անոնսներն այնտեղ լինելու են: Ծանոթացեք, որ անհարմար իրավիճակներ չլինեն՝ մենք ակցիա անենք, իսկ դուք այնտեղ չլինեք: Հիմա սիրով բաժանվենք իրարից: Լավ մնացեք: Մեր ակցիան այսօր համարում ենք ավարտված: Եթե ոստիկանի նկատմամբ վիրավորանք է եղել, այն եղել է անձամբ իմ նկատմամբ: Ոստիկանին վիրավորելու իրավունք չկա»: