Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը ուսումնասիրում է օգոստոսի 7-ին Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում գերեվարված հայազգի Կարեն Պետրոսյանի գործի հետ կապված մամուլում տեղ գտած հրապարակումներն ու խնդրի մանրամասները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում միջ ազգային կառույցի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ կազմակերպությունը սպասում է հայտի Հայաստանի իշխանություններից, որպեսզի իր մանդատի շրջանակներում սկսի աշխատանքը: «Այդ աշխատանքն առաջին հերթին կազմակերպության Բաքվի գրասենյակի հետ կապի հաստատումն ու Պետրոսյանին այցելելու հնարավորություն ստանալն է: Առայժմ դեռ չենք ստացել հայտ Հայաստանի իշխանություններից որեւէ աշխատանք կատարելու ուղղությամբ և այս պահին ուսումնասիրում ենք մամուլում տեղ գտած հրապարակումները»,- ասաց Զառա Ամատունին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ խախտել են Ժնևյան կոնվենցիայի մի շարք կետեր, որոնք վերաբերում են գերի ընկած անձանց իրավունքներին: Կարեն Պետրոսյանի լուսանկարներն արդեն տարածվել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներով և նրան ներկայացնում են որպես դիվերսանտի:
Ավելի վաղ, Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները` հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: «Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռևս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել: Փորձում ենք պարզել` ինչպես է ա տեղի ունեցել»,-ասել էր Սաղոյանը: