Դեռ ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած այցի ժամանակ հայտարարեց Հայաստանում ինչ-որ օտարերկրյա գործակալների մասին: Այս հայտարարությունը որոշ ուժերի, մասնավորապես՝ Հանրապետականների կողմից փշերով ընդունվեց, որ վարչապետը պետք է անուններ տա: Հնչեցին կարծիքներ, որ վարչապետը պետք է ոչ թե այդ մասին խոսի, այլ պետք է բացահայտի այդ օտարերկրյա գործակալներին: Ոմանք ինչ-որ բաներ գտան նաև նրա մեջ, որ հայտարարություն արվեց Իրանում՝ բնականաբար՝ վատ իմաստով: Բայց չշտապենք:
Վարչապետ Փաշինյանն օտարերկյա գործակալների մասին խոսեց նաև վերջերս՝ խոսելով ինչ-որ դավադիր ուժերի մասին ևս, որոնք կարող են պատերազմ հրահրել՝ հնարավոր կորուստները բարդելով իշխանությունների վրա: Առաջին հայտարարությունից մինչև երկրորդ հայտարարությունը, նաև դրանից հետո՝ մինչ օրս, որևէ բացահայտում չի եղել, կամ գոնե հանրությունն այդ մասին չգիտի՝ չնայած այն փաստին, որ սրանք սովորական հայտարարություններ չեն, սովորական թեմայով: Երկրորդ հայտարարության մասով ևս վերոնշյալ օղակների դեպքում փշերով դիմավորելու արարողակարգ եղավ: Բայց չշտապենք:
Այսօր ՎԵՏՕ շարժման ակցիայի ժամանակ ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ Սորոսի հիմնադրամը շանտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանին՝ ենթադրելով, որ ինչ-որ կոմպրոմատներ կան:
Իսկ ի՞նչ, եթե Հայաստանում իրոք կան օտարերկյա գործակալներ, որոնց մասին բարձրաձայնում է վարչապետ Փաշինյանը, բայց չի կարողանում անուններ տալ: Իսկ ի՞նչ, եթե Իրանում արված հայտնի հայտարարությունը հենց Իրանում արվեց, որովհետև Իրանը Հայաստանի բարեկամ երկիրն է: Իսկ ի՞նչ, եթե Փաշինյանն այդ կերպ օգնություն է հայցում՝ դա անելով այսպես ասած, նամյոկներով: Իսկ ի՞նչ, եթե Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, որից չի կարողանում դուրս գալ:
Հայաստանում հնարավոր գործակալների փաստը, կարծես թե որևէ մեկը չի հերքում, ուղղակի տարբեր մարդիկ տարբեր օղակների են նայում այդ մասին խոսելիս ու լսելիս: