Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ վաղը Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով տեղի ունենալիք Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպումը կթեթևացնի սահմանի լարումը: Դեսպանը իր ցավակցությունը նաև հայտնեց զոհված զինվորներին ընտանիքներին:
Պատասխանելով հարցին, թե ինչու է հանդիպումը տեղի ունենում Սոչիում և ոչ Փարիզում, քանի որ ամիսներ առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել էր երկու կողմերին և արդյոք չի մտահոգում իրենց այն, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը չեն մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները, ինչպես նաև այն, որ Ռուսաստանը փորձում է միանձնյա կառավել հակամարտության կարգավորումը, նշեց. «Կարծում եմ Սոչիի հանդիպման առաջարկը վաղուց սեղանին էր, և սա նոր զարգացում չէ:
Կարծում եմ, որ կարևոր է այս հանդիպումը տեղի ունենա անկախ նրանից, թե որտեղ՝ Սոչիում, թե՞ Փարիզում, և որպեսզի նախագահները կարողանան գալ համաձայնության և թեթևանա լարվածությունը: Հավանաբար տեսել եք նաև ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հաղորդագրությունը, որտեղ վերջինս խրախուսում է հանդիպումը: Մենք բոլորս սպասում ու աջակցում ենք այս հանդիպմանը: Հուսով ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջ կտանի սեղանին դրված առաջարկները»:
Դիտարկմանը, թե նախօրեին Իլհամ Ալիևը առաջին գիծ է այցելել ու թշնամական բնույթ ունեցող խոսք ասել, արդյոք դա չի նշանակում, որ Ադրբեջանը կառուցողական քաղաքականություն չի վարելու և ինչու միջազգային հանրության կողմից քննադատությունը անվանական չի արվում, պատասխանեց. «Ես հասկանում եմ հարցը, բայց միջազգային հանրության առաջնային նպատակն է այս պահին կենտրոնանալ հենց հանդիպման վրա և կոչ անել կողմերին, որպեսզի առավելագույն ջանքերը գործադրեն լարվածությունը մեղմելու ուղղությամբ»: