Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ եւս արժանի հակահարված է ստանում։ Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները:
«Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի եւ ավտորիտարիզմի հոմանիշ, եւ բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության մատնվելով մարտական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարը անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ եւս արժանի հակահարված է ստանում։
Իր վրեժն Ալիեւ-կրտսերը լուծում է իր ժողովրդից՝ էլ ավելի խստացնելով խոսքի ազատության սահմանափակումները, բռնաճնշումները քաղաքացիական ակտիվիստների դեմ։ Նա շարունակում է ցինիկաբար հերոսացնել քնած մարդուն սպանողին, տանջամահ անել մոլորված գյուղացիներին։
Այսպիսի մթնոլորտում են ձեւավորվել պատմության մեջ ամենատխրահռչակ բռնակալները՝ հայտնի բոլոր հետեւանքներով հանդերձ: Միջազգային հանրությանը դեռ ուշ չէ նրան կանգնեցնել եւ իրականության դաշտ հետ բերել։ Մենք պատրաստ ենք ոչ միայն խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարեւանին, այլեւ շարունակելու ենք ակտիվ մասնակցություն ունենալ նրան իրականության դաշտ հետ բերելու գործում»,- նշել է Քոչարյանը։