Հայաստան 

Կայացավ Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ

Սոչիում կայացավ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 


Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից: Ներկայացնում ենք զրույցը.


 Վ. Պուտին- Հարգարժան Սերժ Ազատիչ, հարգարժան ընկերներ և գործընկերներ, 


Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեցիք մեր առաջարկը և եկաք Ռուսաստան՝ Սոչի: Ես  հայ-ռուսական հարաբերություններին բնութագիր տալու կարիք չունեմ, դրանք կրում են բացառապես ընկերական, ռազմավարական բնույթ, ինչի մասին են վկայում նաև Հայաստանի, Հայաստանի իշխանության  վերջին որոշումները՝ թե Մաքսային Միությանն անդամակցելու, և թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումները: Աշխատանքը շարունակվում է, և ես կուզենայի ձեզ տեղեկացնել, թե տվյալ աշխատանքներն այսօր  ինչ վիճակում են գտնվում: 


Բնականաբար, մենք շատ հարցեր ունենք քննարկելու  երկկողմ հարաբերությունների մասով, միանշանակ, կխոսենք: Հնարավորություն կա նաև մանրամասն քննարկել ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերը: Ուստիև, մեր օրակարգը շատ ծավալուն է և հագեցած:

 

Ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Բարի գալուստ:

 

 

Ս.Սարգսյան- Շատ շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ, Սոչի՝ այս հանդիպմանը հրավիրելու համար: 

 

Մեր վերջին հանդիպումից հետո անցել է երեք ամիս, և անհրաժեշտություն կա ամփոփել մեր որոշ պայմանավորվածությունները: Բացի մեր երկկողմանի հարաբերությունների օրակարգից, ես նույնպես կուզենայի քննարկել մի քանի հարցեր, որոնք կապված են ինտեգրացիոն գործընթացների հետ՝ մասնավորապես Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի հետ:  

 

Իհարկե, մեզ անհանգստացնում է դրությունն Ուկրաինայում: Եթե Դուք անհրաժեշտ համարեք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, տեղեկացրեք, խնդրում եմ, այն միջոցների մասին, որոնք կիրառում է Ռուսաստանը, իսկ ես իմ հերթին Ձեզ մանրամասն կներկայացնեմ մեր տարածաշրջանի դրությունը և  Ադրբեջանի կողմից կանխամտածված հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում դրությունը թեժացնելու պատճառները: 

 

Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և աշխատանքային լավ պայմաններ ստեղծելու համար: 


Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ:

Նույն շարքից