Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի: Խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նախագահների եռակողմ հանդիպմանը:
«Ուստի մենք մշտապես, առանց որևէ ձևականությունների, ինչպես ասում են՝ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել ևս՝ բարձր մակարդակով հանդիպումների, և այս դեպքն էլ բացառություն չէր: Մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին՝ հանդիպելու Սոչիում, և ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ»,- նշել է նա:
Անդրադառնալով նոր համաձայնագրի հնարավորությանը՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետև՝ ի՞նչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել̀ առավել ևս, որ նախկինում̀ 1994 և 1995 թվականներին երկու համաձայնագրեր են կնքվել և կողմերն ուղղակի պարտավոր են կատարել այդ համաձայնագրերի պահանջները:
Այլ բան, եթե նոր դրույթներ լինեն, և նոր դրույթների հիման վրա համաձայնագիր կնքվի̀ ընդհանրապես ռազմական ուժ չկիրառելու մասին. սա մի ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի մասին համաձայնագիրը: Ընդհանրապես, միջնորդների կողմից և մեր կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են, բայց մենք դեռևս չենք տեսնում, որ Ադրբեջանը դրան դրական է արձագանքում»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին եռակողմ համաձայնագիրը ստորագրվել է 1994 թվականի մայիսին: Փաստաթուղթն անժամկետ է և ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից»,- նշել է նա:
Նախագահը նաև հավելել է, թե իրենք բանակցությունները վարում են Կազանյան փաստաթղթի շուրջ, և դա այն փաստաթուղթն է, որի ստորագրումից Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: