Մենք գտնելու ենք բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք հուզում են հանրությանը, որի մասով կասկածը մեզ թուլացնում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով ղեկավարում է ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովը:
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին նիստը:
Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովում, բացի Քրիստինե Պողոսյանից, բոլորն առնչություն ունեն ու ունեցել են պաշտպանական ու անվտանգային ոլորտի հետ՝ հավելելով, թե պարտադիր չէ, որ զենքները ձեռքներին առաջնագծում եղած լինեն և կարևորելով նաև թիկունքը:
Պատգամավորի խոսքերով, կասկածներից պետք է ազատվել: Նա նշեց, որ նման իրավիճակ կար նաև Մարտի 1-ի մասով. «Մարտի 1-ի քննությունն ու արդար դատավորությունը պետք է լուծեր այդ թեմայի կուտակված խնդիրները: Հասարակությանը հուզող թեմաներին պետք է գտնենք լուծումներ»:
Քոչարյանը վստահություն հայտնեց, որ 6 ամիս ժամանակհատվածը լիարժեք կօգտագործվի. «Անկախ մեր զբաղվածությունից՝ սա մեր համար մեկ խնդիրն է: Սակայն պետք է ասեմ, որ մյուս աշխատանքները չեն տուժելու, մեկը չի լինելու մյուսի հաշվին»:
Հանձնաժողովի նախագահը նաև պնդեց, որ իրենց աշխատանքների մասով արտահոսք չի լինելու, քանի որ սա այդ թեման չէ: