Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ հանձնաժողովի համապատասպան հրավերի դեպքում բոլորը կներկայանան, քանի որ կա հարցի բարոյական կողմը և բոլորն են հետաքրքրված, որ հուզող հարցերի պատասխանները ստացվեն:
Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրավիրվողները կարող են հրաժարվել, այդ դեպքում հանձնաժողովում կքննարկեն հրաժարվելու պատճառները:
Հանձնաժողովը պատրաստվում է հանդիպել ու շփվել բոլոր զոհերի հարազատների հետ, նրանք լինելու են Ազգային ժողովում, քանի որ ինֆորմացիայի կրող են: Ինֆորմացիայի կրող են նաև ծառայակիցները:
Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այն ժամանակ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը ՀԱՊԿ և ԵԱՏՄ երկրների իմացությամբ է եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե լինելու է արդյո՞ք այդ հարցը քննարկման առարկա, ասաց, որ մեծ-մեծ բաներ չի խոստանամ. «Մենք սկսենք մեր աշխատանքը, մենք այս քննարկման ընթացքում քննարկեցինք շատ բաներ, որ կհասնենք էնտեղ, ինչքան կարող ենք հասնել: Իհարկե, մենք կաշկանդված չենք որևէ բանով, բայց մենք նաև ռեալ իրողությունները պետք է կարողանանք գնահատել: Մենք կաշկանդված չենք, կանենք այն, ինչը թույլ կտա անել մեր ինտելեկտուալ և գործառնական ներուժը: Եթե մեզ չհաջողվի շատ հեռուն գնալ, մենք կստեղծենք այն հիմքը, որն օգտագործելով հաջորդները կարող են գնալ առաջ: Մենք կփորձենք հաջորդների վրա քիչ բան թողնել կամ չթողնել»:
Ուսումնասիրվելու են նաև տարածքային կորուստների պատճառները