Հայաստան 

Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մարդկանց կյանքերի հաշվին դիվիդենտներ շահել. Կարեն Բեքարյան

«Եվրոպական ինտեգրացում» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը կարծում է, որ սահմանի լարվածության հարցում Մինսկի խմբի եռանախագահները իրենց պատասխանատվությունն են կրում:


«Մենք պետք է փաստենք, որ հակահարվածը առավել, քան հուժկու էր, և ի հաշիվ մեր զինվորականության՝ Ադրբեջանի բոլոր նախատեսված պլանները հօդս ցնդեցին»,-մամուլի ասուլիսում ասաց Կարեն Բեքարյանը և նշեց, որ այնուհանդերձ դրանից չի բխում, որ Ադրբեջանը նման փորձեր այլևս չի անի:


«Անվտանգության համար մեկ երաշխիքը մեր բանակն է»,-ասաց բանախոսը և նշեց, որ քաղաքացիական հասարակության, իշխանության և սովորական քաղաքացու բարոյական աջակցությունը պետք է այնքան հստակ լինի, որ բարոյահոգեբանական ոգին երբեք չարձանագրի նվազում:


Կարեն Բեքարյանը նշեց, որ Ադրբեջանը փակ հասարակության համակարգ է: «Միֆ է, երբ ասվում է, թե Ալիևը իր երկրի ներսում ամեն ինչ վերահսկում է»,-ասաց նա և հղում կատարեց այդ տեղի ձերբակալություններին: Նա կարծում է, որ Ադրբեջանի իշխանական վարչակազմն իրեն հանգիստ չի զգում և սեփական հանրության ուշադրության շեղումը կատարում է՝ ի հաշիվ ԼՂՀ-ի նկատմամբ գործողությունների»:


Բանախոսը նկատեց, թե բոլորն էլ հասկանում են, որ ռեսուրսներով, աշխատած գումարներով Ադրբեջանն առաջ է ընկել Հայաստանից և Վրաստանից, սակայն բնակիչների սոցիալական վիճակը երեք երկրներում գրեթե նույնն է, ինչը չի կարող չնյարդայնացնել Ադրբեջանի բնակչությանը: Կարեն Բեքարյանը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները դա բացատրում են նրանով, որ իրենք զինվում են, պատրաստվում են, թեև բոլորն էլ պատկերացնում են, թե ինչ «մսխումներ» են եղել:

Նա նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները, լարվածություն ստեղծելով, հասարակությանը փորձում են ցույց տալ, որ ունեն հզորություններ, մեծ քանակությամբ գումարներ են ծախսել և անընդհատ սեփական հանրությանը ցույց են տալիս, որ ուժային լուծման են պատրաստվում։ Սակայն, ըստ Կարեն Բեքարյանի, Ադրբեջանի ղեկավարությունն իրականում չի ցանկանում պատերազմ, քանի որ գիտակցում է, որ դա իր վերջը կլինի:


«Շատ վտանգավոր է այդ ձեռագիրը, և նաև դրա արդյունքն է, որ մենք ասում ենք՝ պատերազմի հավանականությունը զրո չէ, կան պահեր, որ երբեմն այն աճում կամ նվազում է»,-ասաց նա:

 

Կարեն Բեքարյանը նկատեց, որ Հայաստանի արևմտյան գործընկերները բացթողում արեցին՝ առաջնորդվելով շահերով, ոչ թե արժեքներով, ինչի հետևանքով Ադրբեջանն ավելի ցինիկացավ: «Ադրբեջանը սկսեց զգալ գլուխը շոյվող երեխայի դերում, երբ ամեն ինչ սկսվեց թույլատրվել»,-ասաց նա և հավելեց, որ թեև Ռուսաստանը նշում է, որ Ադրբեջանին զենք վաճառելը միայն բիզնես է, սակայն Ադրբեջանի պատկերացումն այդպիսին չէ:


Կարեն Բեքարյանը գտնում է, որ սահմաններում իրավիճակն աննախադեպ սրելով՝ Ալիևը փորձել է դիրքերն ամրապնդել և խոսել ուլտիմատումներով. «Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մարդկանց կյանքերի հաշվին դիվիդենտներ շահել, և դրանով ամրացնել սեփական իշխանությունը»,-ասաց նա:

Նույն շարքից