Հայաստան 

Ալիեւի մոտ առաջացրել է իմիտացիա, որ Հայաստանը թուլացել է. Ստեփան Մարգարյան

Սոչիում օգոստոսի 10-ին Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը դրական ազդեցություն կունենա, մեզ համար ամենակարեւորն այն էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պուտինին ասաց, որ կարեւորում է Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը,  եւ դա Ռուսաստանի նախագահը կարողացավ պոկել նրանից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

 

«Հանդիպման փաստը շատ կարեւոր է, երբ  հակամարտող կողմերը հանդիպում են, դա արդեն լավ է: Ինչպիսի զարգացում կունենա՝ դժվար է ասել, բայց ես հուսով եմ՝ այս սուր իրավիճակը չի մնա այնպիսին, ինչպիսին կար այս օրերին, երբ գրեթե նախապատերազմական վիճակ էր առաջացել»,- նշեց Ստեփան Մարգարյանը:

 

Ստեփան Մարգարյանի խոսքով՝ այսօր կարեւոր է վերլուծել եւ հասկանալ, թե ինչու է ստեղծվել այդ վիճակը. «Այն, որ առաջացած վիճակի մեջ միայն Ալիեւի մեղքը չէր, ես դրանում համոզված եմ, ոչ թե նրա համար, որ մենք էինք հարձակվում, այլ խոսքը այն մասին է,  որ երբ մեկը որոշում է դիմել նման գործողությունների, պետք է հասկանալ՝ արդյոք դու տեղիք չես տալիս, որ նա դիմի այդպիսի գործողությունների: Ալիեւին ի՞նչը կարող էր հուսադրել, ի՞նչը կարող էր ստիպել կամ ինչի՞  վրա էր նրա հույսը, երբ  որ տանում էր այսպիսի  սրացման»:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամն այս հարցերին ունի պատասխան. «Ես դրա պատճառներից մեկը համարում եմ  վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում ունեցած կորուստները,  ավելի ճիշտ՝ հեղինակության անկման նման բան ունեցանք: Դա Ալիեւի մոտ առաջացրել է  իմիտացիա, որ Հայաստանը թուլացել է: Ադրբեջանն ինքնուրույն գնաց այդ սրացմանը, Ադրբեջանը գնաց դրան՝ համարելով, որ ոչինչ չի կորցնում. կգնա, դիվերսիա կանի, խուճապ կսկսի, հետո կասի՝ տվեք այն, ինչ ուզում ենք, թե չէ կմտնեմ Հայաստան: Սակայն հաշվարկներում սխալ կար: Փառք ու պատիվ մեր տղաներին, որոնք շատ լուրջ դիմադրություն իրականացրեցին եւ հաղթող դուրս եկան»:

 

Լրագրողների հարցին, թե ինչը հեղինակազրկեց Հայսատանին, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Մեզ վրա բավականին բացասական ազդեցություն ունեցավ մեր հարաբերությունները Եվրոպական ասոցացման պայմանագրի շրջանակներում, եւ դրանից հետո անցումը դեպի Մաքսային միություն, ոչ թե մեկն ու մյուսն էին պատճառը, այլ մեր պահվածքն էր պատճառը»:

 

 

Ստեփան Մարգարյանը խոսեց նաև ներքաղաքական թեմաներով. «Գնալ եւ իմիտացիա անել, թե մարզային քննարկումներ են անցկացնում եւ ասել՝մենք գնում ենք սահմանադրություն փոխելու, կառավարման համակարգ փոխելու, այս պարագայում ընդդիմությունը պետք է շատ կոշտ դիմադրություն ցույց տա: Ո՞ւմ հետ են քննարկում մարզերում, այս տղաների՞, որոնք զոհվում են կամ որոնք սահմանում կանգնած են, թե սոցիալական հոգսի տակ կքած գյուղացու, ով չգիտի, ինչպես աճեցնի, հետո ինչպես աճեցրածը իրացնի: Նրա հետ է՞ քննարկում»,-ասաց նա:

 

Ստեփան Մարգարյանի խոսքով՝ սահմադրական փոփոխությունների մասին խոսելը «ծիծաղելի է»:

 

«Այս օրվա սահմանադրության քննարկումները մեր մարզերում  նշանակում է՝ գյուղացին եկավ գերանդին դրեց գետնին ու սկսեց լսել Գագիկ Հարությունյանին, թե ինչքան լավ է խորհրադարանական ձեւը կամ  ինչքան վատ է նախագահական ձեւը»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը:

 

Լրագրողների հարցին, թե ինչպես է ընդդիմությունը կոշտ դիմադրություն ցույց տալու, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Մենք էլ կգնանք քննարկման, կհարցնենք՝ արդյո՞ք ձեզ պակասում է սահմանդրությունը, արդյո՞ք ձեր երեխաներին հաց տալու համար, սահմանադրական փոփոխություն է պետք: Սահմանադրական փոփոխությո՞ւնն է կարեւոր, երբ դուք երեկոյան տուն եք գնում կամ չեք ուզում գնալ, որովհետեւ քո երեխային չես կարող  հաց տալ»,- ասաց նա եւ հայտարարեց.«Դրա համար ասում եմ, որ մենք սկսելու ենք հանդիպումներ, եթե գյուղացիները դեմ լինել այդ փոփոխություններին, ապա մենք կառաջարկենք, որ իրենց իրավունքները օգտագործեն  եւ թույլ չտան, որ դա տեղի ունենա»:


Նույն շարքից