Տնտեսություն գլխավոր 

Դրամատիկ նորություններ չեմ ասելու. Վարչապետն Ազգային ժողովում է

Խորհրդարանում մեկնարկել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ բյուջեի կատարման ցուցանիշներին բազմիցս անդրադարձել է, իսկ այսօր ըստ էության դրամատիկ նորություններ չի ասելու, սակայն լավ առիթ է ամփոփել այն, ինչի մասին խոսվել է. «2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր: Անցած տարի տեղի է ունեցել նախագահի մեկ ընտրություն, վարչապետի 5 ընտրություն, ԱԺ արտահերթ ընտրություն, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն և մեծ հաշվով տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Սա կարևոր է նկարագրելու համար այն ֆոնը, որի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը»:

Փաշինյանը հայտարարեց, որ այդ ընթացքում կառավարությանը հաջողվել է լուծել ամենակարևոր խնդիրը՝ պահպանել մակրոտնտեսական կայունությունը. «Երևի թե հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային փոփոխություններ, որոնք չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով:

2018 թվականին արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ բյուջեի նախագծում, որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ նշվել է 4,4 տոկոսը: Այսինքն, 2018 թվականին հաջողվել է գերակատարել պլանը, որը 2018 թվականի բյուջեի հիմքում դրել է նախորդ կառավարությունը՝ ելնելով այլ կանխատեսումներից: 2018 թվականի պետական բյուջեն կատարվել է, դրա արդյունքներով ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ: Մենք 2018 թվականին ունեցել ենք ցածր գնաճային ֆոն: Ես հիշում եմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին քննարկվող թեման գնաճն էր և շատ նեգատիվ կանխատեսումներ էին արվում այդ առումով, բայց մեզ հաջողվեց այդ թվում որոշ արտակարգ միջոցներ ձեռնարկելով զսպել գնաճը և տարվա արդյունքներում ունենալ գնանկում:

Թերակատարում ունենք ծախսային մասով: Ծախսերը, որոնք պլանավորված են եղել 2018 թվականի համար ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել իրականացնել: Սա կապ ունի մի քանի խնդիրների, այդ թվում նաև կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Այսօր էլ կան խոշոր վարկային ծրագրեր, դրանով իրականացվող նախագծեր, որոնց հետ կապված կան հարցեր, հարուցված են քրեական գործեր»:

Վարչապետը նշեց, որ պետական բյուջեն պետք է ծախսվի մաքսիմալ արդյունավետ: Դրա արդյունքում ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ստանում են առավելագույն որակ ու արդյունավետություն. «2018 թվականի փորձը մեզ հուշում է, որ մակրոտնտեսական կայունությունը հնարավոր է եղել պահպանել երկու հիմնական պատճառով: Մենք պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ ՀՀ-ում կան կայացած ինստիտուտներ, որոնք թավշյա հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն ունեցան: Երկրորդը ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության թավշյա բնույթն է: Շատ է խոսվում այն մասին, որ թավիշը շատ է: Իհարկե ամեն ինչ կարող էր շատ ավելի կոշտ լինել: Սակայն կառավարությունը չի կարող մտածել միայն մեկ խնդիր լուծելու մասին: Ինչպես նախկինում, ես կառավարության գործունեությունը համեմատում եմ բազմաթև կշեռքի կամ ճոճանակի հետ»:

Նույն շարքից