Սա ցույց է տալիս ՀՔԾ-ի հետևողական աշխատանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ ձերբակալվել է Մարտի 1-ի զոհերից մեկի ենթադրյալ մարդասպանը:
Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ Մարտի 1-ի զոհ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Փաշինյանը նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում Մարտի 1-ի գործով ոչ թե քննություն է ընթացել, այլ ամեն ինչ արվել է, որպեսզի բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն. «Այն փաստը, որ փամփուշտները փոխված են, նշանակում է, որ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեմքերը, դեպքերը: Այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել կոնկրետ մարդ ձերբակալելուն….Ես այդ լուրն իմանալուց հետո նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել: Սակայն խոսքը դեռ ձերբակալության մասին է, չգիտենք՝ մեղադրանք կառաջադրվի, թե՝ ոչ: Բայց Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, դա ակնհայտ է»։