Քաղաքական 

Դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից և լեգիտիմության պրոբլեմ ունի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի դատական համակարգը չունի Հայաստանի ժողովրդի վստահությունը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե խոսքը վերաբերում է արդյո՞ք Սահմանադրական դատարանին ևս, նա ասաց, որ խոսում է ընդհանուր դատական համակարգի մասին. «Սահմանադրությունն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ով իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների, ընտրությունների, Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Հետևաբար Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը չի բխում ժողովրդից: Փաստ է, որ դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից և լեգիտիմության պրոբլեմ ունի:

Այսօր դատական համակարգն ում է ներկայացնում: Այն չի ներկայացնում ժողովրդին: Հետևաբար դատական համակարգում բարեփոխումների նպատակը պետք է լինի այն, որ այդ համակարգը ներկայացնի ժողովրդին: Պետք է ունենանք այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ո՛չ վարչապետը, ՛ոչ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ժողովուրդը չքննարկեն, ասեն՝ դատարանը որոշել է: Իհարկե այդ որոշումը կարող է սահմանված կարգով բողոքարկվել, սակայն այդ համակարգի որևէ որոշում ցնցումներ չպետք է առաջացնի հանրության մեջ»:

Նույն շարքից