Սոչիի հանդիպումը միայն ժամանակավոր դադար կբերի, օգոստոսի 12-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների օրերս կայացած հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում սրացումների հետ կապված:
Եղիազարյանը դա բացատրել է նրանով, որ պետության ղեկավարներն այդպես էլ կատարվող դեպքերի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել և համատեղ հայտարարություն չեն արել: «Ոչինչ չի փոխվել: Սերժ Սարգսյանը մնացել է իր կարծիքին, Ալիևը՝ իր»,- նկատել է հրամանատարը և հավելել, որ «խաղաղությունն ու անվտանգությունը չեն երաշխավորվում, խաղաղությունն ու անվտանգությունը կարելի է միայն նվաճել»: Իսկ Ղարաբաղում խաղաղություն նվաճելու միակ ուղին, ըստ Եղիազարյանի, պետության ամրապնդումն է և զինվորների բարոյահոգեբանական մակարդակի և քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումը: Ադրբեջանական կողմին անդրադառնալով՝ Եղիազարյանը նշել է. «Սա ադրբեջանցի ժողովրդի պատերազմը չէ, սա ալիևյան ռեժիմի պատերազմն է: Ալիևը փորձում է աշխարհին եւ քաղաքացիներին ցույց տալ, թե իբր տիրում է ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակին»:
Հիշեցնենք, օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: