Մարտի 1-ի սպանությունների զգալի մասն անհնար է չբացահայտել այսօր, իսկ նախկինում չէին բացահայտվում, քանի որ իշխանությունները քաղաքական պատվեր են իջեցրել գործը կոծկելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանի խոսքերով, գործը կոծկողներից մեկը գտնվում է փախուստի մեջ. «Աղվան Հովսեփյանն էլ պետք է տա բացատրություններ, եթե չի տվել, թե ինչպես է իր՝ գլխավոր դատախազ եղած պայմաններում հնարավոր եղել կոծկել գործը: Ավելին ասեմ՝ մեր հասարակությունը կտեսնի, թե ինչ հրեշավոր գործընթացներ են տեղի ունեցել»:
Ավելի վաղ Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իր տեղակալ Վահագն Հարությունյանը փամփուշտներ չի փոխել:
Հովսեփյանն այդ մասին խոսել էր Ապարանում տոնական միջոցառման ժամանակ, որին մասնակցում էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ինչի համար շատերը քննադատեցին փոխվարչապետին:
Քոչարյանը նաև նշեց, որ պետք է սպասել սպանությունների մասով նոր բացահայտումների, քանի որ նախաքննական մարմինը մեծ ծավալի աշխատանք է կատարում:
Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր.
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: