Երեւանից Արեւմտյան Հայաստան (Արեւելյան Թուրքիա) են մեկնում ոչ միայն հայ, այլ նաեւ օտարերկրյա տուրիստները: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Կան տուրօպերատորներ, որոնք առաջարկում են տարածաշրջանային զբոսայցեր, ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքում: Այդ երթուղիները բավականին հայտնի են, իսկ վերջին տարիների ընթացքում դրանով մեր երկիր ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս», - նշեց Ապրեսյանը:
Ըստ Ապրեսյանի՝ Հայաստան այցելած տուրիստների 40%-ը ռուսներ են: Նրա խոսքով՝ այդ են վկայում USAID/EDMC ծրագրի եւ Արդյունաբերական համագործակցության գերմանական գործակալության (GIZ) աջակցությամբ նախարարության եւ Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ պատրաստված 2013թ. Հայաստանում ներգնա տուրիզմի ուսումնասիրության արդյունքները:
Նախնական տվյալներով՝ (հետազոտությունը շուտով կհրապարակվի) Ռուսաստանից ժամանած տուրիստները կազմում են ընդհանուր թվի 40-44%-ը, Եվրոպացիները՝ 14-15%, Իրանից ժամանածները՝ 7%: Եվրամիության երկրներից եւ ոչ մեկը չի գերիշխում. քիչ չեն գերմանացիները, ֆրանսիացները, իտալացիները, վերջին տարիներին՝ նաեւ սկանդինավները:
Ապրեսյանն ընդգծեց, որ Ռուսաստանի տուրիստների շրջանում բավականին մեծ թիվ են կազմում ոչ հայերը: Սակայն, ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների 60-65%-ը հայկական ծագում ունեն: «Այս տվյլաները մենք ստացել են զբոսաշրջիկների կողմից լրացրած հարցաթերթիկների միջոցով: Այնտեղ կար նաեւ ծագման մասին սյունյակ, քանի որ մեզ հետաքրքիր էր՝ որքանո՞վ է Հայաստանը գրավում ոչ հայերին: Պատկերը տարակերպ է: Կան նաեւ օտարերկրացիներ, սփյուռքի 3-4 սերնդի հայեր եւ արտագաղթի նոր ալիքի ներկայացուցիչներ», - հավելեց Ապրեսյանը:
«Ռոստուրիզմ» ռուսական դաշնային գործակալությունը եւ մասնավոր օպերատորներն Հայաստանում արդեն գովազդում են Ղրիմը՝ որպես զբոսաշրջային երթուղի:
«Դրանք բավականին ակտիվ են եւ, պետք է ասեմ, որ մեր տուրիստական օպերատորները՝ նույնպես: Արդեն ճանաչողական այցեր են կազմակերպում: Իսկ ինչո՞ւ ոչ: Մեր տուրիստները, հատկապես ավելի մեծահասակները, հիշում են Ղրիմը: Ավելի երիտասարդները նույնպես թող գնան, մենք դեմ չենք: Սա ծովում համեմատաբար ոչ թանկ հանգստի եւս մեկ տարբերակ է: Եթե հային առաջարկեն ընտրել Ղրիմը կամ Թուրքիան, ըստ ձեզ՝ ընտրությունը ինչպիսի՞ն կլինի», - հավելեց Ապրեսյանը: