«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ ասուլիսը վերածեց շոու-ներկայացման: Ասուլիսը տեղի ունեցավ ոչ թե նախարարության շենքում, այլ` նախարարի ընտանիքին պատկանող «Լեո 52» ակումբում:
Ասուլիսն էլ ակումբային ոճի էր. անձամբ Մանուկյանը երեկ չէր մասնակցում ասուլիսին. սեղանի երկայնքով նստած էին նրա 5 տեղակալները, որոնց գլխավերևում տեղակայված էկրանին հերթով ցուցադրվում էին Հովհաննես Մանուկյանի լուսանկարները: Ասուլիսի կեսից հանդիսավոր կերպով, դանդաղ քայլքով սրահ մտավ անձամբ նախարարը, բայց նստեց ոչ թե բանախոսների, այլ` լրագրողների կողքին, և սկսեց ամենայն ուշադրությամբ լսել իր ենթականերին:
Երբ ԱՆ տեղակալներն ավարտեցին իրենց խոսքը, պարզվեց` լրագրողները հարցեր չունեին, և իրավիճակը փրկելու համար Մանուկյանն ինքը հարց տվեց. «Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այս ընթացքում»: Այսքանով ասուլիսն ավարտվեց:
Հետո Մանուկյանը կանգնեց սենյակի մեջտեղում՝ պատրաստվելով պատասխանել լրագրողների հարցերին, բայց արդեն լրագրողներից շատերը հեռացել էին»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում