Քաղաքական Բարի օր 

Դրանք պետք է մայթերի տակով մասկիրովկա եղած քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես. Նիկոլ Փաշինյանը բարկացավ նիստի ժամանակ

Այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հերքեց տարածված տեղեկությունները, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին և հերթապահություն իրականացրածներին զրկել են վարձի 20 տոկոսի զեղչից: Հարությունյանի խոսքերով, հրապարակումներ են արվում, թե բուհերում քաոսային իրավիճակ է:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուզում են երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, սակայն չեն կարողանում, դրա համար սոցկայքերում են գրում այդ մասին ու մամուլում. «Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Սա նույն թեզի մասն է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին չեն հարգում, նրանց վարձերը չեն տալիս, հողերը ծախեցին, տվին, առած է, ծախած է, այդ նույն մարդիկ են: Սա ազգային անվտանգության խնդիր է, պարոն Վանեցյան: Այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում ՀՀ-ի դեմ»:

Փաշինյանը նշեց, որ այդ մարդկանց անուն-ազգանունները կոնկրետ հայտնի է. «Հասկացանք, մեկ, երկու, երեք, չորս: Այդ գող-ավազակներն այս երկրում իրենց պետք է լավ զգա՞ն: Նրանք պետք է մայթերի տակով մասկիրովկա եղած քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է, լրջորեն զբաղվեք այդ հարցով»:

ԿԳ նախարարը նշեց, որ երկու ԲՈՒՀ-ի ղեկավարի հետ է զրուցել, ովքեր ասել են, որ զեղչերի մասով նման խնդիր չկա: Նա նշեց, որ զտումն ամբողջությամբ արվել է, ցուցակները մաքրվել են. «Չեմ բացառում, որ մեկ-երկու հոգի չեն հասցրել դիմել»:

Վարչապետն ասաց՝ ովքեր չեն հասցրել դիմել, հիմա կարող են դա անել:

Նույն շարքից