Կան մարդիկ, ովքեր փորձում են ինքնահաստատվել, ինքնադրսևորվել, ցույց տալ, որ իրենք կարող են Հայաստանում իրենց ամեն ինչ թույլ տալ, սակայն դա ընդամենն իրենց կարծիքն է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ օրենքի սահմաններում արժանանալու են կոշտ հակազդեցության:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի նշած սևազգեստ մարդկանց, Ոստիկանապետն ասաց, որ վախենալու մթնոլորտ չկա, Հայաստանն ամենաապահով երկրներից մեկն է, իսկ օպերատիվ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
Հարցին, թե դրանք քաղաքական ուժե՞ր են, Օսիպյանը նշեց, որ իրենց համար տարբերություն չկա՝ հավելելով, որ օպերատիվ տեղեկությունները չի հրապարակի, դրանք ենթական չեն հրապարակման:
Օսիպյանի խոսքերով, սև շոր հագնելն արգելված չէ:
Դիտարկմանը, որ վարչապետը կարծես թե դժգոհ է ոստիկանության աշխատանքներից, Օսիպյանն ասաց, որ իրենք ամեն ինչ անում են օրենքի սահմաններում՝ չբացառելով, որ հնարավոր է եղել են բացթողումներ. «Բայց ընդհանուր առմամբ ոստիկանությունն իր առջև դրված պարտականությունները կատարում է»: