Այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նիստից հետո Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, խոսելով Ազատության հրապարակում ավտոմեքենաներով ճռռիկներ անողների մասին, հայտարարեց, որ միշտ էլ այդպիսի բաներ եղել են, ինքն անձամբ միջամտել է, մի անգամ էլ Ազատության հրապարակից 17 հատ ավոտմեքենա է ուղարկել տուգանային հրապարակ: Դա տեղի է ունեցել նախորդ տարիներին, օրը ժամը չի արձանագրել:
Ոստիկանապետը հայտնեց, որ կոնկրետ այսօր էլ արձանագրություն կազմվել է:
Հարցին, թե նրանք են արդյո՞ք այն մարդիկ, ովքեր սաբոտաժի են դիմում, Օսիպյանն ասաց, թե չի կարծում, նրանք ուղղակի քաղաքացիներ են ովքեր մտածում են, որ կարող են մտնել Ազատության հրապարակ. «Ազատության հրապարակի մուտքերը ՃՈ-ի կողմից պահպանվում են մինչև 24:00-ն: Դրանից հետո վերակարգերը դուրս են գալիս և մուտքերն ազատ են մնում: Մենք բազմիցս դիմել ենք տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի այնտեղ արգելապատնեշներ դնեն, քանի որ կան քաղաքացիներ, ովքեր կեսգիշերից հետո մտնում են Ազատության հրապարակ, ինչի համար խստորեն կպատժվեն»: