Պարոն Փաշինյանն արդեն ասել է, ես լրացուցիչ ասելու բան չունեմ: Լրագորղների հետ զրույցում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե մինչև իր վարչապետ լինելն Արցախի իշխանությունները տեղեկություններ չեն ունեցել բանակցությունների մասին:
Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հակադարձմանը, որ ՀՀ իշխանությունները նախկինում էլ են այդ մասով ինֆորմացիա փոխանցել հայկական երկրորդ պետությանը, Մնացականյանը նշեց, որ Բակո Սահակյանն արդեն ասել է, ինչ ասել է, ինքը լրացուցիչ բան չունի ասելու:
Դիտարկմանը, որ հայտարարություններն իրարամերժ են, նախարարն ասաց, որ դա լրագրողների մեկնաբանությունն է:
Մնացականյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները մշտապես աշխատում են Արցախի իշխանությունների հետ. «Վստահ եմ, որ դուք նկատել եք՝ բանակցություններից առաջ ու հետո մենք մշտապես աշխատում ենք Արցախի իշխանությունների հետ: Ես անձամբ սերտ աշխատում եմ Արցախի ԱԳ նախարար և նախագահ Սահակյանի հետ: Նույնը կարող եմ ասել նաև վարչապետի մասին: Մենք միասին սերտորեն աշխատելու հստակ ձևաչափն ունենք, որն արտահայտում է նաև այն քաղաքական գիծը, որը նշված է մեր կառավարության կողմից, որը վերաբերում է Արցախի մասնակցությանն ու որոշիչ ձայնին բանակցային գործընթացքում»: