«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հարցում է ուղարկել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ պարզելու, թե արդյոք դատարանների արգելափակմանը մասնակցած թաղապետարանի երեք աշխատակիցները վճարվել են մայիսի 20-ին (դատարանների արգելափակման օրը) կատարած աշխատանքի համար։
Եթե հանրությանը հայտնի են դատարանների արգելափակմանը մասնակցած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների այլ աշխատակիցների մասին տվյալներ, խնդրում ենք այդ տվյալները փոխանցել մեզ՝ կցելով մայիսի 20-ին նրանց տեղորոշող համապատասխան լուսանկարները կամ տեսանյութերը։
Ստորև՝ հարցման տեքստը.
«Հարգելի պարոն Բաբայան
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տրամադրել տեղեկություն հետևյալ հարցերի վերաբերյալ․
- Արդյո՞ք Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմում ընդգրկված են հետևյալ անձինք․ Վազգեն Մանուկյան, Սերոբ Սարգսյան, Արամ Մանուկյան։
- Եթե՝ այո, արդյո՞ք նշված անձինք սույն թվականի մայիսի 20-ին գտնվել են արձակուրդում։
- Եթե նշված անձինք արձակուրդում չեն գտնվել, ապա սույն թվականի մայիսի 20-ին, ժամը 9։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում արդյո՞ք վերջիններս անընդմեջ գտնվել են աշխատավայրում։
- Եթե՝ ոչ, նշել յուրաքանչյուրի փաստացի աշխատած ժամանակահատվածն՝ ըստ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի»։
- Վերոնշյալ անձինք նշված օրվա համար արդյո՞ք վարձատրվել են։ Եթե՝ այո, ապա՝ ամբողջությա՞մբ, թե՝ մասնակի»:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպություն