Հայաստան 

Պետք է ջանքերը մեկտեղել և գտնել արդյունավետ ճանապարհ. տնտեսագետներ

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը «ՀՀ սահմանապահ գյուղերի մասին» օրենքի նախագծի շուրջ այսօր կայացած ասուլիսին հայտարարեցին, որ դա համատեղ քայլ է երկիրը դժվար իրավիճակից դուրս հանելու համար:

Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրելու հարցում ընդդիմադիր կուսակցությունները կառուցողական մոտեցում ցուցաբերեցին, ինչն իր արդյունքը տալիս է: «Սահմանային գյուղերին ազատ տնտեսական գոտիների կարգավիճակ տալու գաղափարը մեր միության ծրագրում եղել է, և լավ է, որ այս իրավիճակը թելադրեց նրան, որ Կառավարությունը գնում է ավելի արդյունավետ քայլերի»,- ասաց նա:

Վերջինս նաև նշեց, որ բոլոր դեպքերում պետք է ջանքերը մեկտեղել և գտնել արդյունավետ ճանապարհ, որը երկիրը դուրս կբերի ստեղծված իրավիճակից:

Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու հարցը այո՛, ԲՀԿ-ն քննարկում էր: «Սահմանամերձ գոտում ներդրումներ կատարելը հեշտ չէ, բայց պետք է պայմաններ ստեղծենք: Այն մարդիկ, ովքեր մնացել են սահմանամերձ գոտիներում, էլ չեն գնալու»,- ասաց նա և ավելացրեց, որ Կառավարության խնդիրն է միջավայր ստեղծել ներդրումների համար:

Նույն շարքից