Թեպետ ներքին ինֆորմացիա կա, որ Հայաստանի և Վրաստան միջև վիզային ռեժիմը ջավախահայության համար իրացվելու է հեշտացված կարգով, սակայն վրացական իշխանությունների այս հավաստիացումները վիրահայերին առանձնապես մեծ հավատ չեն ներշնչում: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ջավախքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլինի օգոստոսի 21-22-ին պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Երկկողմ բանակցությունների օրակարգում ներառվել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի հարցը:
Հիշեցնենք նաև, որ վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, 2014 թվականի սեպտեմբերի 1-ից օտարերկրացիները՝ անկախ քաղաքացիությունից, ովքեր ցանկանում են Վրաստանում գտնվել ավելի քան 90 օր ուսման, աշխատանքի, գործնական գործունեություն իրականացնելու կամ ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով, պետք է համապատասխան վիզա ստանան վրացական դիվանագիտական ներկայացուցչությունում կամ իրենց երկրում գտնվող հյուպատոսությունում:
Ֆյոդոր Թորոսյանի խոսքով, այս նորությունը ջավախահայության կողմից բացասաբար է ընդունվել, սակայն ենթադրելի էր, որ երկու երկրների միջև վիզային ռեժիմ վաղ թե ուշ պետք է գործի: «Հայաստանը մուտք է գործում Մաքսային միությունը, իսկ Վրաստանը` ԵՄ, հետևաբար իրադարձությունների նման զարգացումն անխուսափելի էր: Պարզապես պետք է, որ բանակցությունների արդյունքում կողմերը փոխադարձ ընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերեն: Պետք է այնպես անել, որ նոր օրենքը ջավախահայության իրավունքները չոտնահարի»,- ասաց Ջավախքի շրջանային ժողովի պատգամավորը: