Հասարակություն 

«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում կառավարությանը հրաժարվել հասարակությունը երկփեղկելու քաղաքականությունից

«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում կառավարությանը հրաժարվել հասարակությունը երկփեղկելու քաղաքականությունից
————————————————————————
Հունիսի 6-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը, թիրախավորելով կառավարության ազդեցությունից դուրս գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտներին և լրատվամիջոցներին, փաստացի շարունակեց հասարակությունը երկփեղկելու, հանրությունը սևերի ու սպիտակների բաժանելու քաղաքականությունը:

Ծայրահեղ վտանգավոր է նաև այն, որ իրավապահ մարմիններին վարչապետի կողմից տրվել է հանձնարարական ահաբեկելու կառավարության ազդեցությունից դուրս գործող հասարակական նախաձեռնություններին և լրատվամիջոցներին:

Ծայրահեղ վտանգավոր է նաև վարչապետի հայտարարությունից հետո հարկատուների միջոցներով գործող Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի հետ պաշտոնական և ոչ պաշտոնական առնչություններ ունեցող խմբերի կողմից կառավարության ազդեցությունից դուրս գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների թիրախավորումը, այդ թվում նաև «ֆեյքերի բանակների» գործադրմամբ։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն իր անհանգստությունն է հայտնում ստեղծված իրավիճակի առթիվ և կոչ է անում կառավարությանը հրաժարվել հասարակությունը երկփեղկելու, ատելության մթնոլորտը խորացնելու և կառավարության կողմից չվերահսկվող քաղաքացիական հասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների նկատմամբ ատելություն քարոզելու, ինչպես նաև ուժային համակարգերը` որպես քաղաքական ու քաղաքացիական ընդդիմախոսների նկատմամբ ճնշման գործիք օգտագործելու քաղաքականությունից:

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն ուշի ուշով հետևելու է գործընթացներին և ՀՀ օրենքների ու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում պաշտպանելու է խոսքի ազատության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների իրավունքները թե ներհայաստանյան, և թե միջազգային ասպարեզում:

Նույն շարքից