RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հոսպիտալացվել է Մոսկվայի քաղաքային դումայի թեկնածու, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է RT-ն:
Սիմոնյանն ու Սոբոլը հանդիպել են «Эхо Москвы»-ում, որտեղ Սիմոնյանը պետք է մասնակցեր «Все сложно» հաղորդմանը: Հայտնվում է, որ Սոբոլը մոտեցել է Սիմոնյանին ու որոշ հարցեր ուղղել, ինչը դուր չի եկել վերջինիս: Սիմոնյանն ասել է, որ չի ցանկանում հարցերին պատասխանել, քանի որ նախնական պայմանավորվածություն չի եղել՝ հավելելով, որ իրեն չի կարելի նյարդայնանալ, քանի որ հղի է: Սակայն Սոբոլը պնդել է, ինչի արդյունքում եթերը ընդհատվել է:
Սիմոնյանն Ինտերֆաքսին հայտնել է, որ իրեն հոսպիտալացրել են մեկ օրով, սակայն դեռ պարզ չէ, թե հետո ինչ որոշում կկայացվի: Նա կարծում է, որ Սոբոլի քայլը նախընտրական արշավի մաս է:
«Эха Москвы»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն արդեն ներողություն է խնդրել Սիմոնյանից:
Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 8-ին: